Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿԾ-ն կդառնա Դատական կատարողների միջազգային միության անդամ

Հասարակություն
դահկ1

ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին Նոյեմբերի 27 ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը և աշխատանքները: Լեո Նետենը բարձր է գնահատել Միության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Եվրոպայի խորհրդի արդարադատության հանձնաժողովի, ՄԱԿ-ի միջազգային առևտրային հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի համաժողովի, Եվրոպայի իրավաբանական ինստիտուտի, ինչպես նաև մի շարք այլ կառույցների հետ: Իր ելույթում Լեո Նետենն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին և նշել, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայության հետ բարձր մակարդակի սերտ համագործակցություն է ձևավորվել: Կարևորելով գիտաժողովի թեմայի արդիականությունը՝ Լեո Նետենը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպումը և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2015 թ. ամռանը Մադրիդում տեղի կունենա Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը, որի շրջանակում կստորագրվի ՀՀ հարկադիր կատարման ծառայության՝ Միության անդամ դառնալու մասին փաստաթուղթը: Նիստի հանդիսավոր բացմանը ելույթով է հանդես եկել նաև Եվրոպայի Խորհրդի արդարադատության արդյունավետության հանձնաժողովի նախագահ Ջոն Սթեյսին: Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը նախօրեին մասնակցել է նաև Եվրոպական անդամ երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հարկադիր կատարման գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Այցի ընթացքում առանձին աշխատանքային հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակության և որոշ երկրների համանուն ծառայությունների պատվիրակությունների անդամների հետ, որոնց շրջանակում քննարկվելու են համագործակցության խորացման և կատարելագործման հետագա հեռանկարները: