Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ բանտարկյալի պատմվածքները՝ ճաղերից այս կողմ (տեսանյութ)

Հասարակություն
unnamed410

19 տարի անազատության մեջ գտնվող, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատմվածքները ճաղերից այս կողմ, գրքի տեսքով, արդեն հասանելի են ընթերցողներին։ Գիրքը վերնագրված է «Դեպի ցմահ ազատություն», որը երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն։ Գիրքը տպագրվել է մի խումբ քաղաքացիների աջակցությամբ։ Մհեր Ենոքյանն իր գրքի առաջին էջում գրում է. «Այս գիրքը չի վաճառվում։ Այն մարդկանց նվերն է ինձ։ Ես էլ իմ նվերը սիրով կիսում եմ Ձեզ հետ»։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց լրագրող Զարուհի Մեջլումյանի հեղինակած, «11 ճակատագիր բանտից»` ֆիլմը։ Զարուհի Մեջլումյանի խոսքով՝նպատակ ունեն ցմահ դատապարտվածների խոսքը բանտի ճաղերից դուրս հանել եւ հասցնել պետական մարմիններին ու հանրությանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Մհեր Ենոքյանի մայրն ու հայրը, ովքեր հույս ունեն, որ պետական մարմինները արդարացի կգտնվեն եւ կվերադարձնեն իրենց որդու ազատությունը։ Մհեր Ենոքյանն անգամ ստացել էր իր գրքի շնորհանդեսին ներկա լինելու հրավեր։ Ենոքյանը գրել էր.«Նոյեմբերի 26-ի առավոտյան ես կարդուկեմ իմ վերնաշապիկը՝ տաքացնելով բանտային սուպեր արդուկը, որը բաղկացած է երկաթե բաժակից (кружка) ու մեջը լցված աղից: Կկապեմ ինքնաշեն փողկապս՝ սպիտակ սավանից կարված (բանտում փողկապ չի թույլատրվում: Բայց մահապատժի տարիներին հիշում եմ, թե ինչպես էի սպիտակ սավանից փողկապ ստացել, որը սև վերնաշապիկիս հետ լավ սազում էր: Լուրջ դեմքով ման էի գալիս խցով մեկ ու հիշում՝ ոնց էի կոստյումով ու փողկապով գնում քննությունների): Կերևակայեմ, թե գալիս եմ Ողջերի աշխարհ, ինչպես դա անում եմ ամեն օր՝ մտքի աներևակայելի ուժով»։ Գիրքը խորհուրդ չի տալիս կարդալ նյարդերից թույլերին. «Խնդրում եմ խնայել սեփական անձն ու չլսել իմ պատմությունը»,-գրում է Մհեր Ենոքյանը։ Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքով մասնակցել էր «Օրանժ գրքի մրցույթ- 2013-ին», սակայն վերջին փուլում «Օրանժի» ղեկավարությունը միջամտել էր ժյուրիի աշխատանքին՝ բացառելով Ենոքյանի գրքի քվեարկությունը՝պատճառաբանելով, որ ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ կվտանգվի իրենց ընկերության կոմերցիոն շահը: Սրան հակառակ՝այսօրվա միջոցառման մասնակիցները պատրաստել էին պատվոգիր, որը ուղարկվելու է «Նուբարաշեն» բանտ՝ցմահ բանտարկյալին։