Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամի արժեզրկում՝ հանուն արտահանողների՞ (տեսանյութ)

Տնտեսություն
0d4be63dd7e5ddc2ebe6e6b61ecfffe3

Մեկ օրում դրամը կտրուկ արժեզրկվեց։ Դոլարը թանկացավ` 412-ից դառնալով 435 դրամ։ Կենտրոնական բանկը սա մտահոգիչ չի համարում, այլ պայմանավորում է ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով։ «Դա որոշակի դրական հետեւանքներ կարող է ունենալ` արտահանման աճի հետ կապված, կայուն աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի հետ կապված, քանի որ դա կբերի դոլարային եկամուտի դրամային արտահայտության ավելացմանը»,- ասում է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորում է ռուսական ռուբլու փոխարժեքային տատանումներով։ Նա եւս կարծում է, որ շահում են արտահանողները. «Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, քանի որ արտահանողների պայմանագրերը կնքված են կամ դոլարով, կամ եվրոյով՝ նույն ՌԴ հետ: Դրամի նման արժեզրկումը որոշակի հնարավորություն կտա, չէ որ մեր արտահանողների ծախսերի մեծ մասը դրամով է իրականացվում. հումքի ձեռքբերում՝ տեղական շուկայից, էլեկտրաէներգիա եւ այլն: Ըստ Գարեգին Նուշիկյանի՝ տրամագծորեն հակառակ իրավիճակում են հայտնվում ներմուծողները. «Ներմուծողներն էլ ՌԴ-ի, հիմա շատ վատ վիճակի մեջ են հայտնվել եւ չեն կարողանում վճարել արդեն իսկ վերցրած ապրանքատեսակների համար։ Դիմացն էլ, մենք գիտենք, որ Ամանոր է, հիմնական առյուծի բաժինը շրջանառության, ընկնում է այդ մեկ ամսվա վրա եւ բնականաբար կորուստներ կլինեն»: Փոխարժեքի կտրուկ տատանմանն անմիջապես հետեւեց որոշակի ապրանքների թանկացումը. «Մեկ օրվա թանկացումը բնականաբար, իր ազդեցությունը կարող է ունենալ, բայց գների մակարդակը դեռ պետք է պահպանվի: Ինքը` ավելացումը, գնաճի ցուցանիշի առումով, այս տարի էլ, եկող տարի էլ չի անցնելու մեր 4 տոկոս թիրախային ցուցանիշը»,-համոզված է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Արդյոք փոխարժեքի տատանումը կարտացոլվի նաեւ եկող տարվա բյուջեի վրա. «Ըստ էության, կուրսի այդ փոփոխության հետեւանքով բյուջեն մեկ մլրդ 558 մլն. լրացուցիչ մաս է ապահովել»,- նկատում է Ֆինանսների նախարարի առաջին տեղեկալ Պավել Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանը վստահեցնում է. բյուջեի ծախսային մասով որեւէ փոփոխություն չի լինի, իսկ դեկտեմբերի մեկին ԱԺ քառօրյայում պետական բյուջեն վերջնական տարբերակով կքննարկվի նոյեմբերի մեկի տվյալներով՝ այսինքն` 1 դոլարը 412 դրամ, փոխարժեքով: Փոխնախարարի խոսքերով` դա օրենքի պահանջն է. «Եթե կուրսն ավելի բարձրանա, ապա ԿԲ-ն բոլոր գործառույթները կատարելու է այն կուրսով, որը ձեւավորվել է նոյեմբերի մեկին եւ արտացոլված է պետական բյուջեում»,-ասում է նա: Կառավարությունը արտաժութային մյուս բոլոր ռիսկերի կառավարումը թողնում է ԿԲ-ի վրա: