Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն կարճել է «Ա1+»-ի լրագրողի դեպքով հարուցված քր. գործը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hakaharvac_1

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչնդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է Կարեն Հայրապետյանի արարքի հանցակազմի բացակայության հիմքով։ ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով Հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապես Վ.Գ. Ավետիսյանը որոշել է.  «ՀՀ պետական պահպանության ծառայության պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածով, 164-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 186-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել եւ թիվ 61207214 քրեական գործով վարույթը կարճել՝վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։  Սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ Մինչդեռ գործը կարճելու որոշում կայացնելիս՝ քննիչը եզրակացրել է, թե «Կ.Հայրապետյանի արարքում բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 185-րդ եւ 186-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերը»։ 7 օրվա ընթացքում որոշումը կարող է բողոքարկել վերադաս դատախազին։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ արդեն մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն Հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ։