Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկ Գեորգի Պողոսյանի խոսքը՝ վրդովմունքի առիթ

Հասարակություն
DAC

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» իր մտահոգությունն է հայտնում վերջերս մամուլում տեղ գտած գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հայտնած այն կարծիքի առնչությամբ, թե հաշմանդամություն ունեցող երեխային ընտանիքում պահելը քայքայում է ընտանիքը, իսկ ծնողներին դարձնում է դժբախտ: Նկատի ունենալով բժշկի դիրքն ու հեղինակությունը հասարակությունում, ինչպես նաև նրա կոչումը՝ մենք անընդունելի ենք համարում նրա տարածած պնդումները խնդիրներ ունեցող երեխաների մասին, որը վիրավորում է Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների և նրանց ընտանիքների: Բժշկի կողմից արված նման արտահայտությունը կարող է հուսահատեցնել ընտանիքներին, որոնց բարօրության և զարգացման համար կոչված էլ գինեկոլոգը: Ավելին, այն կարող է կյանքի և ընտանիքում երեխայի ապրելու իրավունքների ոտնահարման յուրօրինակ կոչ դիտարկվել: Մեզ համար զարմանալի է այն փաստը, որ այսօր, երբ ողջ աշխարհում առողջապահության ոլորտը և մոտեցումները զարգացում են ապրում, ՀՀ առողջապահության ոլորտում դեռևս գերակշռում են կարծրատիպային մոտեցումները մարդու և ընտանիքի առողջության և լիարժեքության մասին: Փոխարենը՝ այսօր ընտանիքի սոցիալ-հոգեբանական աջակցության համար որևէ գործուն քայլ չի իրականացվում ՀՀ պետական և մասնավոր կլինիկաների, բժշկական կենտրոնների կամ այլ բժշկական հաստատությունների կողմից, որոնք կաջակցեն այն ընտանիքներին, որտեղ ծնվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Մենք համոզված ենք, որ հենց նման ծառայությունների բացակայությունն է ամենամեծ խնդիրը մեր երկրում, և հենց այս հարցին պետք է մեծ ուշադրություն դարձնեն ոլորտի մասնագետները: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են լիարժեք ապրել, կրթություն ստանալ, աշխատել, ստեղծագործել և դառնալ հասարակության լիարժեք անդամ, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ, և ձևավորվի ճիշտ վերաբերմունք նրանց հանդեպ: Իսկ առաջին մարդը, ով կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխայի հետագա ճակատագրի վրա, բժիշկն է: «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը», որը համախմբում է 23 հասարակական կազմակերպություններ և հաշմանդամություն ունեցող անձանց հարյուրավոր ընտանիքներ, դատապարտում է նման վարքագիծը և կոչ է անում առողջապահության ոլորտի մասնագետներին զերծ մնալ կարծատիպեր առաջացնող, երեխաներին և ծնողներին վիրավորող հայտարարություններից: «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն