Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ վրդովմունքը. հարձակման են ենթարկվում շտապօգնության աշխատակիցները

Հասարակություն
shtap1

ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով է վերաբերում բժիշկների նկատմամբ վերջին շրջանում հաճախակի հանդիպող բռնության դեպքերին, ինչը տեղի ունեցավ նաև վերջերս Շենգավիթ վարչական շրջանում, ու թեև առանց լուրջ վնասվածքների, սակայն հարձակման են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները: Բուժաշխատողների հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Մասնագիտական պարտականությունները կատարող բժշկի, բուժքրոջ կամ այլ աշխատակցի նկատմամբ ձեռք բարձրացնելու փաստի որևէ արդարացում չի կարող լինել։ Շատ ավելի մեծ է նման արարքների մեր ողջ հասարակությանը պատճառած բարոյական վնասը։ Դրանք անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։ Հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերվել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Վստահ ենք, որ պատկան մարմիններն օրենքի ամբողջ խստությամբ կվերաբերվեն բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։ Առողջապահության նախարարությունը նաև ակնկալում է, որ հանրությունը, հասարակական կազմակերպությունները ևս խստագույնս պարսավանքի կենթարկեն ցանկացած նման դեպք։ Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Մենք կոչ ենք անում բոլորին, նաև խնդրում` մի' վիրավորեք այն ձեռքը, որը միշտ օգնում է: Բժիշկն առաջնորդվում է «Մի վնասիր» պատվիրանով: Մի' վնասեք նաև դուք: