Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը

Պաշտոնական
nalbandyan

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին  Հարց. Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հերթական անհիմն մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։   Պատասխան. Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է: Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բոլոր չորս բանաձևերի առաջնային և անվերապահ պահանջն էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջը չկատարելու հետևանքով անհնարին դարձավ դրանց իրականացումը: Եվ առնվազն զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է կատարում այն բանաձևերին, որոնց կատարումը հենց ինքն է տապալել: Հարկ է վերստին հիշեցնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկը Հայաստանը չի մատնանշվում որպես հակամարտության կողմ: Հայաստանին միայն կոչ է արվում «շարունակել օգտագործել իր ազդեցությունը» Արցախի վրա, և Արցախը ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ, ինչն Ադրբեջանը շարունակաբար փորձում է անտեսել: Ադրբեջանը մերժել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջի կատարումը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ կապերի վերականգնման վերաբերյալ։ Ավելին, Անվտանգության խորհրդի բանաձևերը կոչ էին անում ձեռնպահ մնալ հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործողություններից և ջանքեր ներդնել` Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ: Ի՞նչ արեց Ադրբեջանը։ Լրիվ հակառակը. յուրաքանչյուր բանաձևից հետո ծավալեց նոր լայնածավալ ռազմական գործողություններ։ Բաքուն նորանոր սադրանքների գնաց` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նույնը անում է այսօր։ Ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ բազմիցս ոտնահարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջը` միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների խախտումից զերծ մնալու վերաբերյալ, ինչին ականատես ենք նաև այսօր՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով: Ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման սադրիչ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտել է ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, այլև` 1994թ. հրադադարի հաստատման և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը` զինադադարի ամրապնդման վերաբերյալ։ Փոխվստահության ամրապնդման միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանը և Արցախը ԵԱՀԿ խողովակներով ու լրատվամիջոցներով տեղեկացրել են նախապես ծրագրավորված միասնական զորավարժություններ անցկացնելու իրենց մտադրության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը վերջին ամիսներին անցկացրել է մի շարք զորավարժություններ, այդ թվում` շփման գծի մոտակայքում, ինչի մասին երբեք նախապես պատշաճ չի տեղեկացրել։ Առերեսվելով միջազգային կառույցների արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հայտարարությանը իր արձագանքով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և այդ երկրի միջև: