Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձի փոխանակում՝ ռազմական կրթության ոլորտում

Քաղաքականություն
unnamed45

Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը: ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք: ՌՈՒՀ-երում ուսուցման ժամանակակից մեթոդներ ու ձևեր ներդնելու, ռազմական կրթության ոլորտն առավել զարգացնելու հարցերի քննարկմանը միտված գիտաժողովի աշխատակարգի հայտարարումից հետո բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդգծելով, որ անկախությունից ի վեր զինված ուժերի համալրումը, սպայական կադերի պատրաստումը, վերապատրաստումն ու նրանց որակավորման բարձրացումը մշտապես եղել են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ զինված ուժերի մարտունակության ամրապնդման հետ մեկտեղ պաշտպանության նախարարությունը լուրջ աշխատանք է իրականացնում միջազգային ռազմական համագործակցության բնագավառում, որի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն էլ հանդիսանում է համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում: Գիտաժողովի ընթացքում ներկա մարտահրավերների պայմանններում ռազմակրթական համալիրի կայացման, լավագույն ուսուցման մեթոդների ներդրման, կուրսանտների գիտելիքների հսկման և գնահատման վարկանիշային համակարգի ներդրման, հրամանատարների և շտաբների աշխատանքների կազմակերպման հիմնական տարբերությունների և այլ թեմաներին շուրջ զեկույցներով և առաջարկներով հանդես եկան ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Եզրափակելով գիտաժողովի աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ վեր հանված հարցերն ու ծավալված քննարկումները հիմք կհանդիսանան ռազմական կրթության ոլորտն առավել զարգացնելու համար: