Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 256.9 մլն դրամի հարկային պարտավորություն

Տնտեսություն
index1

Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 173մլն 241 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԻՆՏՐԱՔՈՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ` 62.8մլն դրամ, «ՇԻՆԱՐԱՐ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ` 36.6մլն դրամ, «ԽԱՄՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ` 23.7մլն դրամ, «ՄԱՍԻՍԱՎԱՆ ԲՐԵՆՉ» ՍՊԸ` 11.7մլն դրամ, «ՄԻ ԸՆԴ ԳԱ» ՍՊԸ՝ 7.2մլն դրամ, «ԿԱԳԵՎ» ՍՊԸ` 7.3մլն դրամ և այլն: Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 18 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 26-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 6-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 10 ստուգումներ և այլն: Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 14 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 5.3մլն դրամի տուգանք: Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 31 հազար 499 հատ կամ 189.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1 մլրդ 240մլն դրամով կամ 29%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 8 հազար 833 հատով կամ 11.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 1մլրդ 475.3մլն դրամով կամ 36.9%-ով: ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3874 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 53 հարկ վճարողի մոտ առաջացել է 78.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 30 աշխատող: Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 256.9 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: