Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հարցում իր գնահատականը

Պաշտոնական
9307_b

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև): Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Ըստ Նախագահականի մամլո հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը և դեսպան Նատաշա Պրահը երկուստեք կարևորել են հաճախակի փոխայցելությունները, սերտ համագործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Սլովենիայի դեսպանը նշել է, որ ընտրություններից հետո իր երկրում վերջերս ձևավորված խրհրդարանն սկսել է գործունեությունը, և երկրի իշխանություններին կառաջարկի օրենսդիր մարմնում ստեղծել Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ՝ այդ մակարդակում ևս խթանելու սերտ գործակցությունը: Դեսպան Պրահի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները: Սլովենիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: