Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզաբանում՝ Անահիտ Բախշյանի հայտարարության առիթով

Հասարակություն
Anahit-Bakhshyan

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի պարզաբանումը Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի` օրերս տարածած հաղորդագրության շուրջ Օրերս Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն էր տարածել, որում հղում անելով «լրատվությամբ տարածված լուրեր>-ի վրա` հայտարարել էր, թե իբր «Լևոն Իգիթյանը փաստորեն Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մի սրահը, որտեղ երեխաների համար քանդակի խմբակ է գործում, ուզում է դարձնել կահույքի արտադրության արհեստանոց»: Նախ` բավականին տարօրինակ է այն, որ Երեւանի ավագանու անդամը, որի մտահոգությունը չենք ցանկանում կասկածի տակ դնել, այդուամենայնիվ, հարկ չի համարում իր իսկ անորոշ ձեւակերպմամբ` «լրատվությամբ տարածված լուրեր»-ի հիման վրա թանգարանի մասին հաղորդագրություն տարածելուց առաջ` գոնե զանգահարել Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան եւ համոզվել, արդյոք իր պնդումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Չէինք ցանկանա մտածել, որ երկարամյա մանկավարժ Անահիտ Բախշյանը չի տարբերում Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը Գեղագիտության ազգային կենտրոնից, որին էլ պատկանում է խնդրո առարկա արհեստանոցը: Համենայն դեպս, եւս մեկ անգամ հատուկ տիկին Բախշյանի համար ընդգծենք, որ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի որեւէ սրահում որեւէ խմբակ չի գործում: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնը տարբեր կառույցներ են, տարբեր գործառույթներով եւ գտնվում են տարբեր հասցեներում: Կարծում ենք, որ նման թեթեւությամբ եւ առանց ճշտելու Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի անվան հետ կապված ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անհամատեղելի է Երեւանի ավագանու անդամի եւ երկարամյա մանկավարժի պատասխանատու կերպարի հետ:   Թանգարանի տնօրեն՝ Ն.Ավետիսյան