Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ կլինի, որ այս գիրքը դեղատներում վաճառվի». Ա. Արշակյան

Քաղաքականություն
Still1121_00001

«Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում». սա խորհրդային շրջանում ազգային-հայրենասիրական, հասարակական-քաղաքական և այլախոհական գործունեության համար դատապարտված հայերի մասին պատմող գիրք է։ Պարույր Հայրիկյան, Ազատ Արշակյան, Ռազմիկ Մարկոսյան, Շահեն Հարությունյան, սա դեռ ամբողջ ցանկը չէ այն մարդկանց, որոնց մասին պատմվում է աշխատության մեջ։ Հեղինակն իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանն է, ով ցավում է, որ այսօր էլ՝ անկախ Հայաստանում դեռ քաղբանտարկյալներ կան։ «Ոչ մի ժողովրդավարական երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, հակառակ դեպքում այդ երկիրը կգնա կործանման»,-վստահ է նա։ Հեղինակը խոստովանում է, որ գիրքը գրելու ամբողջ ընթացքում կոմպլեքսավորված է եղել, քանի որ շատ դեպքերի ընթացքում իր ընկերների կողքին է եղել և անձամբ մասնակցել իրադարձություններին։ «Դժվար էր այդ ամենին կողքից նայել, բայց փորձել եմ»,-շեշտում է հեղինակը։ Գրքում ներկայացված խորհրդային քաղբանտարկյալներից մեկն էլ Ազատ Արշակյանն է, ում խոսքով՝ հեղինակը՝ Վարդան Հարությունյանը, պետք է լիներ գրքի սպառողներից մեկը, ոչ թե ինքը գրեր։ «Գրքում հակահերոսներ էլ կան, իսկ մենք անարդարության զոհեր էինք»,-ասում է պարոն Արշակյանը։ Ինքը մի քանի անգամ է բանտարկվել՝ տարբեր հոդվածներով։ Հիշում է, որ բանտարկություններից մեկի պատճառը  գիրք կարդալն է եղել։ «Դրա համար ինձ տասը տարով ուղարկեցին Սիբիր»,-պատմում է նա։ Շեշտում է, որ խորհրդային շրջանում այլախոհներին կոչում էին թափթփուկներ, հետո՝ դիսիդենտներ։ Պարոն Արշակյանի խոսքով՝ իրենց այդպես էլ չհաշտեցրին ժողովրդի հետ, ինչպես այլ երկրների դեպքում էր և իրենք՝ նախկին քաղբանտարկյալներն, այսօր միանշանակ չեն ընկալվում հանրության կողմից։ «Ճիշտ կլինի, որ այս գիրքը դեղատներում վաճառվի»,-ժպիտով նշում է նախկին քաղբանտարկյալը, շեշտելով, որ այն պսիխո ունեցող մարդը պետք է կարդա։ Նշենք նաև, որ գիրքն ուշագրավ է նրանով, որ այստեղ ներկայացված են ԱԱԾ արխիվում պահվող փաստաթղթեր, քաղբանտարկյալների մեղադրական եզրակացությունները։