Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ Յեղափոխական Դաշնակցության կոչը

Քաղաքականություն
0278083b58d6f4228dadf92c123cc8cc

Կ Ո Չ Սիրելի հայրենակիցներ, 2014թ նոյեմբերի 27-ին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը: Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը: Այլընտրանքային եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը հավելյալ երաշխիք է ազատագրված հայրենիքի սահմանների անվտանգության համար: Այն կոչված է եւս մեկ անգամ փաստելու մեր հակառակորդներին եւ բարեկամներին հայ ժողովրդի անսասան վճռականությունն ու միասնական կամքը` արդարացի հանգուցալուծման բերելու Արցախյան ազատամարտը: Մեր զավակների առ այսօր թափվող արյամբ ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուժեղանալու, զարգանալու է նմանատիպ ծրագրերի իրականացմամբ: Առ այդ, ՀՅԴ Բյուրոն կոչ է ուղղում համայն հայությանը` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական այս դրամահավաքին եւ օժանդակելու հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին: Համախումբ ուժով եւ ճիգով միայն կարելի է Արցախյան պայքարը հասցնել իր հաղթական ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրո 19 նոյեմբեր 2014թ.