Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե բլինդաժներում էլ քնեիք, լրիվ ուրիշ առաջարկներ կանեիք» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

Քաղաքական համագործակցության ռեսուսը սպառված չէ, ընդհակառակը. Այսօր ԱԺ ամբիոնից ուրախությամբ արձանագրեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանամերձ համայնքներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու Կառավարության որոշմանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այս որոշումն իրենց համար էլ դրվատանքի արժանի է: Նա միայն կոչ արեց հստակեցնել՝ սահմանամերձ եւ սահմանապահ համայնքները. «Տարբերակում չի նշանակում խտրականություն, ուղղակի սահմանապահ համայնքներն այն գյուղերն են, որտեղ ապրում են բանակային ռեժիմով: Ինչ վերաբերում է որոշման ժամկետայնությանը՝ երեք տարի, ապա ես հասկանում եմ, որ ուզում ենք, որ երեք տարում ԼՂՀ խնդիրը լուծենք, այդ դեպքում ուրեմն եկեք մեկ տարի գրենք: Սրանով ի՞նչ մեսիջ ենք ուղարկում այդ սահմանին ապրող մարդկանց: Եկեք այդ ժամկետը հանենք»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին եւս ոգեւորել էր այս որոշումը. «Ոնց որ մի քիչ ուրախացա: Ուղղակի պետք է նաեւ ճշտենք արտագաղթի տեմպերը ու թե որքան աղքատ մարդ է ապրում այդ համայնքներում: Պետք է նաեւ դիտարկենք, թե էլ ինչ է պակաս այս օրենքում, որ մենք ավելացնենք ու սահմանամերձ համայնքներում ապրելը դառնա գրավիչ: Համալիր մոտեցում է պետք»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս գովեստի խոսքեր շռայլեց՝ ասելով. «Կառավարության ներկայացրած որոշումներում մի քանի լավ նախաձեռնություններ կան: Սա միասնականության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել: Շատ լավ է, որ կառավարությունը իր խոստման տերն է մնում»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ այս որոշման դեպքում ավելի հանգիստ խղճով կքվեարկի, ի տարբերություն նախորդ որոշման, որով որեւէ ֆինանսական աջակցություն չէր ցուցաբերվում համայնքներին. «Լավ է, որ դիրքերում եք եղել, հարգելի պատգամավորներ: Այ, եթե առաջին գծում էլ քնեիք՝ բլինդաժներում, լրիվ ուրիշ առաջարկներ կանեիք»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ այս որոշումն իրենց ուշադրության կենտրոնում են պարբերաբար պահելու. «Ինչ վերաբերում է համայնքների ցանկին, ապա այն կրկին վերանայելու ենք: Որոշման ժամկետի հետ կապված համաձայն եմ իմ գործընկերների հետ՝ պետք է չէ՞ ֆիքսել կոնկրետ ժամկետ, որոշումը պետք է անժամկետ լինի: Ժամկետները պետք է վերանայել, քանի որ դեռ այս կիսապատերազմական վիճակը պահպանվում է: Սակայն կառավարության կողմից քայլը կատարված է: Սա նաեւ արձագանքն է ԱԺ վեց խմբակցությունների առաջարկության»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է, երբ վեց խմբակցությունը եւ կառավարությունը եկել են միասնական հայտարարի. «Սահմանապահ համայնքներին վերաբերող նախորդ որոշման ժամանակ սկեպտիկական գնահատականներ հնչեցին: Կառավարությունը այս մի նախագծով ցույց է տալիս, որ լսում է ցանկացած պատգամավորի ողջամիտ առաջարկ՝ անկախ նրա իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, ընդունելի է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ժողովրդի մատից փուշը հանենք»: Կառավարության այս որոշման առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտվեց: