ՀԱԿ. «Հերթական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող» (տեսանյութ)
Դաշնակցությունը գիտեր, որ իշխանափոխության եռյակի ընտրած ճանապարհը ոչ մի տեղ տանող չէ: «Բայց նաեւ հարգանքով էինք մոտենում իրենց տեսակետին եւ հասարակության այն հատվածին, որը փոփոխություններ ա ակնկալում»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Հանրապետականում նույնիսկ չէին էլ նկատել, որ ընդդիմությունը իշխանափոխության գործընթաց է սկսել։ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն արձագանքում է՝ «Տո երբ էր սկսվել, որ չստացվեց»։ Պաշտոնաթող գեներալը երկրի ներսում սոցիալական որոշ դժգոհություններից բացի, այլ խնդիր չի տեսնում, որի համար արժե ոտքի կանգնել։ Համաձայն չէ նաեւ, որ այս Ազգային Ժողովում ընդդիմությունը չի կարողանում օրենսդրական աշխատանք ծավալել. «Եթե օրենքը չքաղաքականացնեն, նորմալ օրենք բերեն, չանցա՞վ»։ Պարոն Սարոյանը համաձայն չէ նաեւ, որ ինքն օրենք գրող պատգամավոր չէ, ընդդիմությունն ուզում է, որ օրենք գրողները գան Ազգային Ժողով. «Էսօր ի՞նչ օրենք ես գրում, որ ես չեմ կարա գրեմ, հլը ասա»։ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար միեւնույն է՝ կանի՞ ընդդիմությունը իշխանափոխություն, թե չի անի, ինքը հանգիստ է, իշխանափոխության հեքիաթներին չի հավատում. Ինքը խաղաղություն է ուզում եւ կարծում է, որ ընդդիմության հանրահավաքներն հենց պատերազմին պատրաստ լինելու ստուգատես էին. «Էդ բոլորը անհրաժեշտություն էր մենակ նրա համար, որ իմանանք, մենք պատրա՞ստ ենք ոտքի կանգնելու։ Ապացուցեց, որ պատրաստ ենք։ Հերիք ա էլի, էդ բոլորը տրենիրովկեք են»։ ԲՀԿ-ն բոլորին հիշեցնում է՝ իշխանափոխությունն արվելու է, բայց օրենքի շրջանակներում։ Ինչու՞ այս ընթացքում չարեցին, այլ հարց է։ Ըստ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի, ճիշտ չէ միայն հանրահավաքներում 50 հազար մարդու ներկայություն ապահովել ու իշխանափոխություն անել. «Խնդիրը կարող ա 50, 60, 70, 80 կամ 100 էլ հավաքվեն, բայց եթե դու որակապես էդ գաղափարները բոլոր բնակավայրերում, շրջաններում, գյուղերում, համայնքներում ընտանիքներում չես հասունացրել էն մակարդակի, որ ոչ միայն իրենց մտքում է, այլեւ հոգում էլ է եւ իրենք ներկա են, եւ դու արդեն կարողանում ես կառավարել, միայն էդ դեպքում կարող ա պտուղը բնականոն ընկնի»։ Միքայել Մելքումյանը համաձայն չէ, որ այս գործընթացը ԲՀԿ-ից կխլի երկու-երեք տարի, եւ գործը կհասնի Ազգային Ժողովի հերթական ընտրություններին, Հայաստանն արդեն մի քանի միկրոինֆարկտ է տարել։ Բայց ժամկետներ ասելն էլ է անլուրջ. «Եղել ա, չէ՞, էդպես դեպքեր՝ այսինչ օրը կատարելու ենք այսինչ... Չի կարելի էդպիսի բաներ»։ «Մեզ համար որքան շուտ այնքան լավ։ Մեզ համար ակնհայտ է պրեզիդենտական ընտրությունները, հետո խորհրդարանական»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը բացարձակապես մտահոգ չէ, որ երկու հանրահավաքներն առանձնապես չմոտեցրին իշխանափոխության օրը։ Կարեւորը եռյակը միասին է, քննարկումները շարունակվում են եւ իշխանափոխության հայեցակարգային մոտեցումները նույնն են, երկու տարի աշխատել են հենց դրա վրա. «Էս փուլում մոտեցումների եւ նպատակի տարբերություն չկա, էս փուլում կա արագությունների տարբերություն։ Եվ հիմա փորձում ենք էս արագությունների միջեւ եղած արանքը փոքրացնել»։ Համենայնդեպս ՀԱԿ-ում տագնապ չկա, որ գործընթացները կարող են հասցնել Ազգային Ժողովի հերթական ընտրություններին։ Շուտով բոլորը դրանում կհամոզվեն. «Հերթական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։ Էդ դեպքում ծաղրուծանակ է էս ամենը, որ քամի է, հեքիաթ է, երբ երեք հզոր քաղաքական ուժ դուրս է եկել հրապարակ, հանրապետությունը դարձրել նախընտրական շտաբ ու հանկարծ խոսել հերթական ընտրությունների մասին»։