Ազնավուր. «Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից». armtimes.com
Նոյեմբերի 2-ին թուրքական «Posta» թերթում հայտնված՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի սկանդալային հարցազրույցը երեկ կրկին հայկական մամուլի ուշադրության կենտրոնում էր: Ինչպես տեղեկացրել ենք, նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր, որ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց է տվել կամ, ինչպես հրապարակվել է թուրքական թերթում, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի եւ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետ ճաշկերույթի ժամանակ վերջինիս կողմից «Ոսկե սոսի» մրցանակ է ստացել: Երեկ երեկոյան Շառլ Ազնավուրը վերջապես արձագանքել է վերը նշվածին՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անելով հետեւյալ գրառումը. «Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»: «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Ժերար Մարկոսյանը երեկ մեր զրույցում ասաց, որ երբ մամուլից տեղեկացել է Ազնավուրի՝ թուրքական թերթին հարցազրույց տալու մասին, զարմացել է. «Անակնկալի եկա, բայց կարծեցի, թե դա իր իրավունք է եւ ես չեմ միջամտելու պարոն Ազնավուրի որոշումներին: Հետո Հայաստանի արտգործնախարարությունը հերքեց, որ հարցազրույց է եղել: Ես կրկին չփորձեցի կապվել պարոն Ազնավուրի հետ, քանի որ հավատում եմ պաշտոնական տեղեկությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մարկոսյանը՝ հավելով, որ ուրախ է, որ դեսպանը արձագանքեց եւ պարզեցրեց ստեղծված իրավիճակը: Մարկոսյանը կարծում է, որ թուրք պրոդյուսերի նման քայլը ուղիղ կապ ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: «Թուրքերից ամեն բան սպասելի է, եւ պետք է ավելի զգույշ լինել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում