Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 7-8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎՃԱՐՎՈՒՄ Է ՐԵՊԵՏԻՏՈՐՆԵՐԻՆ

Հասարակություն

«Սուր ճոճելով կրթական համակարգում կոռուպցիա երեւույթի դեմ չես պայքարի: Ինչքան շատ խոսենք այդ մասին , այնքան երեւույթը կամրապնդվի», -այսօր լրագրողներին հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում նախարարը բացատրում էր կրթական կոռուպցիայի տեսակները: Ժողովրդի կողմից վճարելու պատրաստակամությունը եւ ուսուցիչների սոցիալական վիճակը նպաստում են հանրակրթական դպրոցներում կոռուպցիայի ձեւավորմանը, նշեց Լեւոն Մկրտչյանը:

Միայն Երեւանում, տարեկան 7-8 միլիոն դոլար է վճարվում ռեպետիտորներին: Շրջանավարտների կեսը բուհ է ընդունվում միայն լրացուցիչ պարապմունքներից հետո:«Եթե այս գումարները մասնավոր գրպանից կարողանաք տեղափոխել պետական գրպան, վիճակն ավելի լավ կլինի»,- հույս ունի նախարարը: Ըստ նրա, արդյունքում դպրոցը կդառնա վերահսկելի, կրթական ոլորտի ֆինանսավորումն էլ կավելանա: Ներկայումս այս համակարգը պետբյուջեով ֆինանսավորվում է 35 տոկոսով:

Բիզնեսը եւ կրթությունը իրարից տարբեր հասակացոըւթյուններ չեն, համոզվել է Լեւոն Մկրտչյանը: Նա բնական է համարում, որ բուհական ընդունելության քննությունների ընթացքում կրթական համակարգում կոռուպցիայի ծավալներն ավելանում են: Այս տարի ընդունելության քննությունների ժամանակ դահլիճներում, ստուգման սենյակներում եւ հաշվիչ կենտրոնում նախարարությունը խստացնելու է հսկողությունը:

Լեւոն Մկրտչյանը խոստացավ, ընդունելության քննակարգի մասին առավել մանրամասն կխոսի մեկ շաբաթ հետո՝ հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ: