Աշոտյանը Սաքուլիկին չի ճանաչում
5-րդ եւ բարձր դասարանների երեխաների համար որոշ դպրոցներում կարող են ստեղծել արտադասարանային ձեւաչափով շախմատի խմբակներ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ ամբողջ գրականությունը Շախմատի ակադեմիայի հետ պատրաստել են. «Այն ծնողները, ովքեր կցանկանան, որ իրենց երեխաները դասերից հետո լրացուցիչ շախմատ պարապեն, կարող են այդպիսի ակումբներից օգտվել»։ «Ա1+»-ի հարցին, թե շախմատի մասնագետները համոզված են, որ դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրումը պարզապես գումար շորթելու միջոց էր, պարոն Աշոտյանը նշեց. «Մենք մի քանի լավ գործ ունենք կրթության ոլորտում արած, որոնք դուք, անշնորհակալաբար, կներեք, փորձում եք ստվերել, դա «Այբ» հիմնադրամն է, Կրթության Գերազանցության ազգային ծրագիրն է, դա շախմատի դասավանդումն է, դա Բոլոնիայի քարտուղարությունն է, դա մասնավոր ԲՈՒՀ-երի փակումն է, տարկետման տեղերի նվազումն է, ավագ դպրոցների ներդրումը, էնքան լավ բան ենք արել, ժողովուրդ ջան»։ Լրագրողի հուշմանը, թե Սաքուլիկների նշանակումը ե՞ւս լավ գործ է, պարոն Աշոտյանը ավելացրեց. «Այո, Սաքուլիկների նշանակումը... թեեւ չգիտեմ՝ Սաքուլիկն ով է»։ Հիշեցնենք, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը նշանակվել է այդ բուհի պրոռեկտոր: Նա լայն հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Այն ժամանակ բուհի ուսխորհուրդը Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ հարձակվել էր լրագրողների վրա: