Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօթեւանները հարցեր ունեն իշխանություններին

Հասարակություն
160484

Այսօր «Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին հերթական հրապարակային հարցումն է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և քաղշիննախարար Նարեկ Սարգսյանին: Հարցման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար Ինչպես գիտենք, աղետի գոտում և մասնավորապես Գյումրիում 2012 թվականից ընդհատված բնակարանաշինությունը շարունակելու և ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից դեռ 2012-2013 թթ. բնակարանային փոխհատուցման շահառու ճանաչված գյումրեցի 432 անօթևան ընտանիքներին բնակարաններ հատկացնելու փոխարեն ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերին կայացրած որոշման համաձայն, նրանց տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր: Սակայն մինչև օրս ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը չի սկսվել: Այդ փաստով մտահոգված բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար դիմում են «Շիրակ կենտրոնին»: Այդ իսկ պատճառով սույն հրապարակային հարցմամբ դիմում ենք Ձեզ՝ ներքոշարադրյալ հարցերի պատասխանների ակնկալիքով. 1. Ե՞րբ է սկսվելու բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը շահառուներին: 2. Որքա՞ն գումար է նախատեսված տրամադրել շահառուներին 1 քառ. մետր բնակմակերեսի համար: 3. Քանի՞ քառակուսի մետր են կազմելու 1, 2, 3 և 4-սենյականոց բնակարանների մակերեսները և որքա՞ն է վճարվելու դրանցից յուրաքանչյուրը ձեռք բերելու համար: 4. Ինչպիսի ՞ հաջորդականությամբ և ի՞նչ առաջնահերթությամբ են տրամադրվելու բնակարանների գնման վկայագրերը: 5. Քանի ՞ ԲԳՎ-ներ ու ե՞րբ է նախատեսված տրամադրել այս տարի և հաջորդ՝ 2015 թվականին: Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար Համոզված ենք՝ Դուք նաև քաջատեղյակ եք, որ դեռ 2012 թ.-ին Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագործված բնակարանների սեփականաշնորհման գործընթացը վերսկսված չէ: Իսկ շահառուների մեծ մասը ԲԳՎ-ներով բնակարաններ գնել կարող են հիմնականում այդ նորակառույց թաղամասերից: Ուստի խիստ անհրաժեշտություն է, որ ԲԳՎ-ների բաշխման գործընթացից առաջ իրականացվի այդ թաղամասերի բնակարանների սեփականաշնորհում: Խնդրում ենք նաև տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ա/ վերոհիշյալ թաղամասերի բնակարան ստացած բնակիչներին ե՞րբ է հնարավորություն տրվելու սեփականաշնորհել դրանք. բ/ քանի՞ ազատ բնակարաններ կան այդ թաղամասերում, որոնք ենթակա են երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին տրամադրելու. գ/ եթե կան ազատ բնակարաններ, ապա ե՞րբ և ի՞նչ սկզբունքով եք նախատեսում դրանց բաշխումը»: