Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սքրինինգը թույլ կտա կանխել քաղցկեղի զարգացումը (տեսանյութ)

Հասարակություն
3e7b71819c262ac7ddbdc51756767a95

«Հայաստանում էբոլա վիրուսի դեպք, ճիշտ է, չի հայտնաբերվել, բայց չենք էլ կարող այն բացառել»,-հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում։ «Իրականացվում է ուժեղ հսկողություն, որպեսզի երկիր մուտք չգործեն նման վարակի կասկածանքով անձինք»,-նշել է նախարարի տեղակալը։ «Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել է հարցը, որ մեր երկրում մահացությունների մոտ 80 տոկոսը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով։ Դրանցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, ապա չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը։ Նշված և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով անցյալ տարվանից Առողջապահության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը։ Առաջիկա 3 տարիներին նախատեսվում է կատարել մեծածավալ սքրինինգներ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգը բժշկական ամբուլատորիաներում և առողջության կենտրոններում իրականացվելու է ընտանեկան բժիշկների մասնակցությամբ, իսկ պոլիկլինիկաներում և բժշկական կենտրոններում՝ մանկաբարձ-գինեկոլոգների կողմից։ Գյուղական բնակավայրերում, որտեղ սքրինինգի իրականացումը հնարավոր չէ, այն կկազմակերպվի տարածաշրջանային սկզբունքով՝ մոտակա բժշկական կենտրոնում։ Արգանդի պարանոցի քաղցկեղը քաղցկեղային միակ հիվանդությունն է, որը հնարավոր է բուժել նախաքաղցկեղային փուլում։ Այնպես որ, սքրինինգը թույլ կտա հայտնաբերված դեպքերն արագ կանխել։ Ի դեպ, սքրինինգային ծրագրերի միջոցով մի շարք երկրներում վերջին տասնամյակում հաջողվել է քաղցկեղի այս տեսակի նոր դեպքերի թիվն ու մահացությունը նվազեցնել 80 տոկոսով։ Հայաստանում հետազոտությունների թիրախային խմբում 30-ից 60 տարեկան անձինք են լինելու։ Նախատեսվում է, որ մինչև 2017 թվականը երկրում հետազոտված կլինի նրանց կեսից ավելին։ Նշենք նաև, որ սքրինինգային ծրագիրը մեկնարկելու է այս տարվա նոյեմբերից և լիովին անվճար է։