Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը չեն նվազում (տեսանյութ)

Հասարակություն
index5

2014 թվականի երրորդ եռամսյակում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է իշխանությունների տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր և ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, հատկապես շեշտեց, որ այս եռամսյակում հայկական ԶԼՄ-ները գործել են որոշակիորեն լարված պայմաններում։ Բանախոսը փաստում է, որ լրագրողական հանրության համար լուրջ մարտահրավեր էր տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի սեպտեմբերի 22-ի որոշումը, որով մերժվեց «Հրապարակ» օրաթերթի և «iLur.am»կայքի բողոքը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ «Երբ անօրինական կերպով պահանջվում է բացահայտել ինֆորմացիայի աղբյուրը, դա ապօրինություն է, և սա միակ դեպքը չէ անօրինական գրաքննությունների»,-ասաց Աշոտ Մելիքյանը։ Վերջինս հիշեցրեց նաև «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպերը, երբ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ և բռնություն էր գործադրվել։ Այս կապակցությամբ բանախոսը շեշտեց. «Հատկանշական է, որ Հատուկ քննչական ծառայությունը և առհասարակ իրավապահ մարմինները փորձում են կոծկել այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում լրագրողների հետ և հենց անպատժելիության մթնոլորտն է, որ նոր այդպիսի հանցագործություններ է ծնում»։ Աշոտ Մելիքյանը սխալ է համարում այն, որ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ ԶԼՄ-ները կամ անհատ լրագրողները չեն հայտարարում իրենց նկատմամբ կիրառված բռնության կամ ճնշումների մասին, ինչը ըստ բանախոսի՝ նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը։ Բանախոսը նշեց, որ գրանցված է լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու 7 դեպք, նույնը՝ ինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։