Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հետայսու բացառում է բնակարանների կրկնավաճառքի դեպքեր

Հասարակություն
IMG_2792

Անբարեխիղճ նոտարը պետք է փոխհատուցի թե նյութապես, թե գույքի տեսքով։ «Եթե մարդը գալիս է նոտարի մոտ, համապատասխան տուրք է վճարում եւ ծառայության վճար, նա պետք է վստահ լինի, որ նոտարը դրա համար պատասխանատվություն է կրում»,- այսօր լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Նախարարը մասնակցում էր «Նորակառույց բազմաբնակարան շենքերի հետ կապված գործարքներ», «Նոտարների կարգապահական պատասխանատվության հիմքերը եւ ընթացակարգերը» թեմայով սեմինարին։ Հովհաննես Մանուկյանը որպես օրինակ բերում է կառուցապատողների կողմից նույն բնակարանը մի քանի անձանց վաճառելու փաստը, երբ տուժողը այդպես էլ չի փոխհատուցվել։ Այդ պարագայում նոտարը պետք է իր բաժին պատասխանատվությունը կրի. «Այդ հանրային գործառույթը իրականացնելիս բնականաբար այնպիսի պատասխանատվությամբ եւ լիազորություններով օժտված լինի, որպեսզի հնարավորություն չտա նման գործարքներ կնքելու եւ իր խորհրդատվությամբ քաղաքացիներին ճիշտ ուղին ցույց տա եւ այդ ռիսկերը առավելապես նվազեցնի»։ Կոռուպցիոն երեւույթներ, Հովհաննես Մանուկյանի խոսքերով, կարող է լինել ցանկացած համակարգում, սակայն համաձայն չէ մտքի հետ, որ նոտարական համակարգում այն համատարած բնույթ է կրում. «Այո, միգուցե ինչ-որ ժամանակ եղել է, բայց հիմա իրավիճակը բավականին փոխված է, եւ այն բաները, որ եղել են 5 -10 տարի առաջ, մասնավորապես բնակարանների կրկնավաճառքները, հիմա նման դեպք դուք ականատես չեք լինի»։ Իսկ Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը համոզված է` իրենց համակարգում կոռուպցիա չկա. «Նոտարի ծառայության գումարները սահմանված են եւ սահմանված է պետական տուրքը»։