Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2014-ի բյուջեով նախատեսված մի շարք նախագծեր չիրականացվեցին. Թ. Սանչես (տեսանյութ)

Տնտեսություն
sanches

«Հայաստանում տնտեսական աճի տեմպերը շարունակում են դանդաղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը: Նա 2 պատճառ է առանձնացնում. «Հայաստանի հիմնական առևտրային ընկերները Ռուսաստանը և ԵՄ-ն են: Ռուսաստանում տնտեսությունը շարունակում է անկում ապրել, իսկ ԵՄ-ի տնտեսությունը նոր թափ չի հավաքում: Հատկապես Ռուսաստանից Հայաստանին տրամադրվող հիմնական ֆինանսական տրանսֆերներն ու փոխանցումները Ուկրաինայի դեպքերի հետ կապված սկսեցին նվազել, միաժամանակ ռուբլին շարունակում է արժեզրկվել»: Ինչ վերաբերում է երկրորդ պատճառին, տիկին Սանչեսը նկատեց. «Սա ավելի շատ ներքին խնդիր է և կապված է երկրի բյուջեի կատարման հետ: Բանն այն է, որ երբ ԱԺ-ն քննարկում էր 2014 թվականի բյուջեն, մի շարք տնտեսական նախագծեր առանձնացվեցին, սակայն տարին արդեն ավարտվում է, բայց դրանց մեծ մասը իրականություն չդարձավ, մինչդեռ կային բոլոր հնարավորությունները և ֆինանսական միջոցները»: Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավարը այնուամենայնիվ վատատես չէ, նա հույս ունի, որ 2015 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս, իշխանությունները հաշվի կառնեն անցած տարվա բացթողումները և կլրացնեն. «ԱՄՀ-ն Հայաստանի հետ մի նախագիծ է իրականացնում` 3 տարի ժամկետով, որը նախատեսում է ֆինանսական աջակցություն, տեխնիկական զինում և քաղաքական հաղորդակցություն: 130 միլիոն դոլար է տրամադրվել նախագծին և մենք պարբերաբար ստուգումներ ենք կատարում: Այս տարի մեր կանխատեսած տնտեսական աճը չգրանցվեց, հուսանք մյուս տարի նույնը չի կրկնվի»: