Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խտրական մոտեցում՝ ազատազրկված կին մայրերի նկատմամբ

Հասարակություն
6b7b5203ed2ee2c352c3ae79e213d931

2014 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությունը քննարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի փաթեթներով նախատեսվում է ներմուծել «մայրության նպաստ» հասկացությունը, որը տրամադրվելու է ազատության մեջ գտնվող բոլոր հղի կանանց: Օրենքի փոփոխություններով, սակայն, ազատազրման մեջ գտնվող մայրերին մայրության նպաստ օրենքով չի տրամադրվելու: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում քննարկվող նախագծով քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց նկատմամբ դրսևորվող խտրականության վերաբերյալ: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հոդված 17-ը լրացումներ է կատարվում գործող օրենքի հոդված 23-ում: Գործող օրենքի 23-րդ հոդվածով նպաստի տրամադրման հնարավորություն է նախատեսված նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված անձանց համար, մինչդեռ օրենքի նոր նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվող փոփոխություններով սահամնվում է “Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում”: Նախատեսվող փոփոխությունը անընդունելի է հետևյալ պատճառաբանությամբ: Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չնշանակելը անբարենպաստ վերաբերմունք և խտրական մոտեցում է վերջիններիս նկատմամբ: Առաջարկվող փոփոխություններով ազատազրկված մայր-կանայք հայտնվում են անբարենպաստ վիճակում և ենթարկվում ուղղակի խտրականության՝ ի համեմատություն ազատության մեջ գտնվող կանանց` ազատազրկվածի կարգավիճակ ունենալու հիմքով: 1. Դատապարտված կանանց պարագայում գործ ունենք ՄԻԵԴ-ի կողմից հաստատված պրակտիկայի հետ, որի համաձայն պաշտպանվող «այլ կարգավիճակների» տակ ընկնում են նաև դատապարտված անձիք: Խտրականության դեմ եվրոպական մոտեցումները արգելում են «որոշակի հատկանիշների» հիմքով տարբերակված վերաբերմունքի դրսևորումը: Ի թիվս սահմանված հատկանիշների /սեռ, սեռական կողմնորոշում, հաշամանդամություն, տարիք, լեզու, կրոն և այլն/ ընդունված է նաև «այլ կարգավիճակներ» կատեգորիան, որի շրջանակներում ընդգրկվում և պաշտպանվում են բազմաթիվ կարգավիճակներ: Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալները իրենց կարգավիճակով ընկնում են «այլ կարգավիճակներ» պաշտպանվող կատեգորիայի տակ, ինչով պայմանավորված նրանց նկատմամբ չի կարող դրսևորվել տարբերակված վերաբերմունք : 2. Օրենքի փոփոխոխություններով ազատազրկված կանանց մայրության նպաստ տրամադրվում է ոչ թե տարբերակված հիմքով, այլ նրանց ընդհանրապես զրկում է մայրության նպաստից, ինչը բացասաբար է ազդում վերջիններիս սոցիալական պաշտպանվածության վրա: 3. Տվյալ պարագայում ազատազրկված կանայք համեմատվում են ազատության մեջ գտնվող այլ կանանց հետ և նրանց մայրության նպաստից զրկելը պայմանավորվում է վերջիններիս կարգավիճակով: Առաջարկվող փոփոխություններով ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող նման անբարենպաստ վերբերմունքը չի կարող լեգիտիմ համարվել, քանի որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ՝«Համեմատելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը.. խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այլ կերպ ասած՝ եթե այն չի հետապնդում օրինաչափ նպատակ կամ եթե առկա չէ համաչափություն ողջամիտ հարաբերություն օգտագործված միջոցների և հետապնդվող նպատակի միջև »: Անվիճելի է, որ դատապարտված անձանց նկատմամբ նման սահմանափակումը որևէ օրենսդրական և լեգիտիմ նպատակ չի հետապնդում: Այսպիսով, վերը ներկայացված պարզաբանումը հիմնավորում է դատապարտված կանանց նկատմամբ օրենքի առաջարկվող փոփոխություններով խտրական մոտեցման փաստը: Կազմակերպությունը կոչ է անում անց կացնել պատշաճ քննարկումներ և վերանայել նախագծի այս և մնացած խնդրահարույց կետերը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ