Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա հուլիսից

Տնտեսություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

2015թ. սոցիալական ոլորտին պետական բյուջեով կհատկացվի 385,5 մլրդ դրամից ավելի գումար կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 29 տոկոսով ավելի: ԱԺ-ում նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության առումով կա ՀՆԱ-ի ներքին աճ՝ այն դարձել է 7,92 տոկոս: Բացի այդ՝ սոցիալական ոլորտին բյուջեից 41 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում կլինի՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ, իսկ 22 մլն դրամ լրացուցիչ հատկացումն էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված: 2015թ. հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ՝ նախորդ տարվա 50 հազար դրամի դիմաց: Նպաստների համար 38,3 մլրդ դրամից ավելի կհատկացվի, ընտանեկան նպաստի համար՝ 30.537 դրամ, կենսաթոշակը հինգ հազար դրամով կավելանա, իսկ երեք եւ չորս երեխա ունենալու դեպքում կպահպանվի մեկ մլն դրամ միանվագ հատկացումը: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանին հետաքրքրում էր՝ նախորդ տարվա 20 մլրդ-ի փոխարեն հաջորդ տարվա համար մոտ 13 մլրդ դրամ է նախատեսած կուտակային կենսաթոշակների համար. «Արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ այդ համակարգից դեռ օգտվելու են միայն պետական հիմնարկների աշխատողները: Նաեւ՝ հղիության եւ ծննդաբերության համար նախատեսված հատկացման աճ կա: Արդյոք սա պայմանավորվա՞ծ է նախարարության վերջին նախաձեռնությամբ, թե այդ հատկացումն ավելի վաղ էր նախատեսված»: Պավել Սաֆարյանը նշեց, որ յոթ մլն դրամից ավելի տարբերությունը կուտակային կենսաթոշակային համակարգի համար պայմանավորված է ինչպես պետական հիմնարկների աշխատողներով, այնպես էլ՝ կամավորության սկզբունքով եղած մասնակիցներով. «Քննադատության տեղիք չտալու համար, ես լրացուցիչ կուսումնասիրեմ ձեր ներկայացրած հարցն ու տեղեկանքի ձեւով կներկայացնեմ: Ինչ վերաբերում է հղիների հատկացմանը, ապա այն եղել է մինչեւ վերջին օրենսդրական նախաձեռնությունը»: Պարոն Սաֆարյանը տեղեկանքի ձեւով խոստացավ պատասխանել նաեւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: Պատգամավորին հետաքրքրում էր՝ հանրապետությունում նվազագույն աշխատավարձ ստացող քանի՞ մարդ կա: