Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսիանի քաղաքապետը բերման կենթարկվի

Հասարակություն
f202e8d283527d14d4eefd96e217340f

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սիսիանի քաղաքապետի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանի, «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի, նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանի, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, քաղաքապետարանի նախկին ֆինանսիստ Կարեն Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:   Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից 2012թ.-ի դեկտեմբերի 3-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված ՀՀ օրենսդրության խախտումների եւ թերությունների վերաբերյալ կազմված արձանագրությունը:   «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ն որի հիմնադիրը Սիսիանի քաղաքապետարանն է, իրականացում է լրատվական գործունեություն: Ընկերության տնօրեն Արմեն Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվապահ Հասմիկ Եսայանին` ՀՀ քր. օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով:   Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյաին եւ նախկին ֆինանսիստ Կարեն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:   Սիսիանի քաղաքապետի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:   Դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվեց: Եթե նախորդ նիստերի ժամանակ ամբաստանյալների պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել գործին ծանոթանալու համար, ապա թվով 4 դատական նիստը հետաձգվեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ քաղաքապետարանի նախկին ֆինանսիստ Կարեն Դանիելյանի դատական նիստին չներկայանալու պատճառով:   Ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Ղազարյանը դիմում էր ներկայացրել, որ չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին, քանի որ Գորիսի նստավայրում մասնակցում է մեկ այլ քրեական գործով դատական նիստի։   «Եթե Աշոտ Գրիգորյանը համաձայն է գործը քննել իմ բացակայությամբ, ապա ես կմասնակցեմ հաջորդ դատական նիստին, եթե ոչ, խնդրում եմ դատական նիստը հետաձգել»,- նշված էր դիմումում: Աշոտ Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը դատական նիստը անցկացնել առանց պաշտպանի:   Դատավոր Նապոլեոն Օհանյանն ընթերցեց հաջորդ դիմումը, որը ուղարկել էր Աղասի Հակոբջանյանը: «2014 թվականի հոկտեմբերի 30-ի դատական նիստին չեմ կարող մասնակցել` առողջական խնդիրներով պայմանավորված: Խնդրում եմ հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իմ ցուցմունքը»։ Ընթերցելուց հետո դատավորը հարցրեց. «Ինչ է նշանակում սա: Անբաստանյալը չի ցանկանում մասնակցել, նա իր պարտականությունները շփոթում է վկայի պարտականությունների հետ»։   Դատախազության ներկայացուցիչն առաջարկեց Աղասի Հակոբջանյանի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել:   Դատավոր Օհանյանը տեղեկացրեց, որ հեռախոսազանգ են ստացել Կարեն Դանիելյանի պաշտպանից, որով իրենց դատին չներկայանալը պատճառաբանել է մեկ այլ ամբաստանյալի չներկայանալու հանգամանքով: Դատարանը զանգը չի գրանցել, քանի որ հիմք չի ընդունել հեռախոսազանգը. նրանք պարտավոր էին ներկա գտնվել դատական նիստին:   Հասմիկ Եսայանի պաշտպան Լիանա Գրիգորյանը նշեց, որ թեպետ Աղասի Հակոբջանյանը ոչ ճիշտ գրությամբ է դիմել դատարանին, բայց եւ առաջարկեց հաշվի առնել, որ նա վատառողջ է և ընդունել դիմումը: Դատարանն առարկեց: Դատավոր Օհանյանը նշեց, որ նախորդ դատական նիստին եւս Աղասի Հակոբջանյանը չէր ներկայացել: «Լինել խոշոր համայնքի ղեկավար եւ նման անհարագալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ` պարզապես աններելի է»,- ասաց Ն. Օհանյանը: Ուստի դատարանը որոշեց ինչպես Աղասի Հակոբջանյանին, այնպես էլ Կարեն Դանիելյանին բերման ենթարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:   Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 17-ին Կապանի նստավայրում: