6 ամիս պատժաչափ՝ գոմեշի մսի գործով (տեսանյութ)

Հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը Ստեփանակերտ) տեղի է ունեցել հայտնի գոմեշի մսի գործով դատական նիստը, որտեղ մեղադրվում է Պաշտանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ մայոր Արտո Չիթչյանը: Դատական նիստին գործով մեղադրող դատախազ Ալեքսան Ղազարյանին փոխարինել էր զինվորական կայազորներից մեկի ավագ դատախազ Արման Աղասարյանը, որն էլ պաշտպանեց մեղադրանքն ընդդեմ Արտո Չիթչյանի:

Այնուհետև պաշտպանական ճառով հանդես եկավ Ա. Չիթչյանի պաշտպանը, ապա՝ գործով ամբաստանվող Ա.Չիթչյանը: Ամբաստանյալի խոսքից հետո դատարանը անցավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու համար:

Նույն օրը դատավոր Անդրանիկ Մնացականյանը հրապարակեց դատական վճիռը, որով Արտո Չիթչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրեսնգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակեց 6 ամիս ժամկետով՝ դրա մեջ ներառելով արգելանքի մեջ գտնվելու ժամկետը՝ 2 ամիս 18 օրը: Միևնույն ժամանակ դատարանը ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ Արտո Չիթչյանին ազատեց պատժից:

Նշենք, որ այս գործով նախկինում մեղադրվող Պաշտպանության բանակի զինծառայողներ Վ. Դանիելյանը, Ա. Բաղդասարյանը և Ս. Բաղդասարյանն ավելի վաղը համաձայնել էին համաներումին և ազատվել պատժից: ՊԲ կադրերի տրամադրության տակ գտնվող մայոր Չիթչյանը հրաժարվել է համաներումից և իրեն մեղավոր չի ճանաչել, պնդում է, որ իր կալանավորումն անհիմն է:

Վերջին դատական նիստի ժամանակ Չիթչյանը կրկին պնդել է իր անմեղության մասին և պահանջել դատարանից արդարացման վճիռ կայացնել: Այժմ մայոր Չիթչյանը մտածում է կայացված վճիռը վերադաս դատական ատյանում բողոքարկելու մասին:

Այս դատական գործի մասին կարող եք ընթերցել նաև ArtsakhNews.am կայքի այս և այս հրապարակումներում:

Ստորև կարող եք նայել դատական նիստի սիրողական նկարահանումը:

  •