Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմուկը վտանգի տակ է. S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը

Հասարակություն
b237dda3a3f8c53dfb1ddb483afd1185

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ազդեցության գնահատականը: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը եւ Ֆինանսական միջազգային կորպորացիան (IFC) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) ջանքեր չեն խնայում օրինականացնելու Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային արտադրության կառուցման ծրագիրը, ուստի այս միջոցառումը գնահատում ենք որպես դրա գովազդ եւ անթաքույց սատարում: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը հանրության կողմից աջակցություն չի վայելում. դեռ 2011թ.-ին Ջերմուկում Ամուլսարի ծրագրի քննարկումն ավարտվեց սկանդալով եւ տեղի ակտիվիստների ու Գեոթիմի աշխատակիցների լեզվակռվով: 3 տարի անց` Գնդեվազ գյուղում 2014թ-ի օգոստոսի 25-ին հասարակական լսումները մեկնարկեցին սկանդալով. Գյուղի բնակիչները Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիա կազմակերպեցին եւ գյուղապետին մեղադրեցին անձնական շահագրգռվածության մեջ: Ամուլսարի խնդրին 2011-2014թթ. ընթացքում նվիրված է եղել 3 գիտաժողով, 5 հանրային քննարկում, որոնց ընթացքում բացասական գնահատականներ են ներկայացրել երկրաբաններ, հիդրոերկրաբաններ, տնտեսագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ, իրավաբաններ, բժիշկներ, կուրորտաբաններ եւ այլ մասնագետներ: Բանավոր եւ գրավոր գնահատականներում ներկայացվել են երկրի ռազմավարական ջրային ռեսուրսների`Արփա եւ Որոտան գետերի, Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարների, Սեւանա լճի թունավորման բարձր ռիսկերի մասին, գյուղատնտեսական նշանակության հողերի` ծանր մետաղներով աղտոտման ռիսկերի մասին: Հանքի շահագործումը պարզապես ոչնչացման առջեւ կկանգնեցնի Կարմիր գրքում գրանցված մի շարք բույսեր եւ կենդանիների։ Այս համատեքստում օրակարգ է բերվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման միջոցառումը` ներառյալ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջակա միջավայրի վրա գնահատականի շնորհանդեսը։ Քննարկումները փակ են` «առանց ձայնագրելու» պայմանով: Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի մշակման հարցը հանձնարարված է «Գոլդեր» կազմակերպությանը, որը մասնակցել է Ամուլսարի ՇՄԱԳ-ի մշակմանը եւ այդ գնահատման համար ենթարկվել է հասարակայնության խիստ քննադատությանը: Հարկ ենք համարում նշել, որ միջոցառմանը հասարակայնության համար նախատեսված է դիտորդի դեր, քանի որ քննարկման ժամանակը ենթադրում է միայն կարճ ելույթներ եւ ռեպլիկներ: Մենք կոչ ենք անում միջոցառմանը մասնակցելու համար հայտարարագրված անկախ փորձագետներին ծանոթանալ ծրագրում չներկայացված նյութերին, որոնք կարելի է գտնել համացանցում եւ ԷկոԼուրի բնապահպանական տեղեկատվական կայքում (www.ecolur.org): Հայտարարում ենք, որ Ամուլսարի ծրագրի ռիսկերը անկառավարելի բնույթ ունեն: Այդ ռիսկերի նկարագրությունը, օրենքների եւ միջազգային ստանդարտների խախտումները հիմք են հանդիսացել 9 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ 210 գնդեվազցիների կողմից IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմեններին բողոքներ ուղարկելու համար: Բողոքներն ընդունված են դիտարկման եւ անցնում են աուդիտորական ստուգում IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմենների գրասենյակների կողմից: Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքին, ապա Ջերմուկն ունի բոլոր հնարավորությունները բալնեոլոգիական առողջարանի վարկանիշը կորցնելու համար: Ջերմուկը կենթարկվի բաց հանքավայրի պայթեցումների, փոշու, 18 տոքսիկ տարրեր եւ ծանր մետաղներ պարունակող լցակույտերի ազդեցությանը:   Ջերմուկի առողջարանային վարկանիշը պահպանելու համար ոչ մի գործողության պլան չի օգնի, եւ Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ:   S.O.S. Ամուլսարի նախաձեռնություն «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ «Էկոիրավունք» ՀԿ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ «Հայ կանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Թեհմինե Ենոքյան, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչ, լրագրող 30.10.2014թ.