Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես վերահսկել նախարարներին

Քաղաքականություն
de871dd145b52cb52c3820e312b37dfd

2015թ. ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի 34,387 մլն եվրո: Այսօր 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով եվրոպական ինտեգրման ոլորտի հատկացումները, նշեց, որ տրամադրվելիք նպատակային դրամաշնորհներն ուղղվելու են ՀՀ Բագրատաշեն, Գոգավան, Բավրա անցակետերի արդիականացմանը՝ 6 մլն 120 հազար եվրո, 2,8 մլն-ն էլ ուղղվելու է ՀՀ փոքր համայնքների ջրագծերի բարելավմանը: ՀՀ Կառավարությունը 20 մլն եվրոն կստանա որպես բյուջետային աջակցություն եւ կբաշխվի երեք խմբի՝ մասնագիտական կրթություն եւ ուսուցում, ազգային գործողությունների ծրագիր՝ ապագա ասոցացման համար, աջակցություն դատական բարեփոխումների երկրորդ փուլին՝ համապատասխանաբար 8 մլն, 7 մլն եւ 5 մլն եվրո: Ինչպես նշեց Պավել Սաֆարյանը՝ այս գումարները ՀՀ-ի՝ ԵՄ ասոցացման գործընթացի շրջանակներում տրված գումարներ են. «Սրանք բարեփոխումներ են ոչ թե պարտադրված, այլ ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում»: ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ լավ է, երբ ասոցացման պայամանագրի պայմանների կատարումը շարունակում ենք. «Սակայն շատ գումարներ, բոլորս էլ գիտենք, զարտուղի ճանապարհներով հայտնվում են շատ այլ տեղերում: Ես չէի ուզենա դա անվանել գանձագողություն: Օրինակ՝ ինչպես վերահսկել ինչ-որ մի նախարարի, որն իր հորողբոր տղու անունով ինչ-որ տուն է կառուցում»: Պավել Սաֆարյանը խոստովանեց, որ այդ հարցը մտահոգում է ինչպես ԱԺ-ին, այնպես էլ կառավարությանն ու հանրությանը. «Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, քանի որ նպատակն այլ ենք դնում, իսկ արդյունքը ստանում՝ լրիվ այլ բան»: