Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ. Ծառուկյան. Պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը. zham.am

Քաղաքականություն
լեվոն

Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Zham.am»-ին  -Պարո՛ն Ծառուկյան, ինչպիսի՞ն են Ձեր հետևությունները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից: - Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են, համախմբված և վճռական տրամադրված՝ տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետևում են իրադարձություններին, ապա հետևություն պետք է անեմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունը: Ես ընդամենը արձանագրում եմ, որ երկրում կան լրջագույն դժգոհություններ, ընդ որում՝ բոլոր սոցիալական խավերում: Ձևավորվել է համաժողովրդական շարժում, և խնդիր է դրված՝ այդ շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպական լուծումներ: Միայն այդպես է հնարավոր դժգոհությունները վերածել կոնկրետ արմատական փոփոխությունների: - Դառնանք Ձեր ելույթին. որո՞նք էին դրա հիմնական ուղերձները և ու՞մ էր այն ուղղված առաջին հերթին: - Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Երևանի կենտրոնը հեղեղած, հանրահավաքի դուրս եկած իմ բազմահազար հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր տեսակետները, բայց առայժմ իրենց տներից և աշխատավայրերից էին հետևում հանրահավաքին, նրանց, ովքեր վերջին տարիներին ծանր պայմաններից դրդված՝ լքել են Հայաստանը, նրանց, ովքեր դեմ են այսօրվա իրականությանը, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի համոզիչ լինել, քննադատելուց և իրավիճակը գնահատելուց բացի, պետք է հստակ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում և ինչ ենք անելու առաջիկայում: Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել սրա հետևանքները:  - Երբ Դուք ասում եք՝ մեզ անհրաժեշտ են նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն, ի՞նչ է թաքնված այդ ձևակերպման տակ: - Ես հարցը կբաժանեմ երկու մասի. զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների և հետընթացի: Իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը և կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը և հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որևէ բան պահանջելու: Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում: Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում: Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրաքատեսակները պետք է կարողանան ներկրել թե՛ 10, թե՛ 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա: Հայաստանի Հանրապետությունը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր: Յուրաքանչյուր մարզում պետք է ձևավորել առնվազն մեկ արդյունաբերական գոտի` համապատասխան հարկային և այլ արտոնություններով: Հայաստանը պետք է դառնա նաև ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում