Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գեւորգյանը նոր պաշտոն ունի

Քաղաքականություն
armen-gevorgyan1

Արմեն Գեւորգյանը դարձել է բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը: «IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաեւ նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գեւորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետեւողականորեն կյանքի կոչելու համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը: «Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների հետ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման եւ բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ այն դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի եւ ավելի հարմարավետ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում», - ասել է Արմեն Գեւորգյանը: Արմեն Գեւորգյանն աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997թ.-ից մինչեւ 2014թ՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնները: IDeA-ն բարեգործական հիմնադրամ է՝ ստեղծված երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն նրան գոյատեւման մոդելից անցում կատարել դեպի բարգավաճման մոդել: