Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա երեք տարում հնարավոր է մտնենք ռուբլու գոտի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
c079c5a7233003eddba6435411dfb62e

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին հիշեցրեցինք, որ Ռուսաստանից հնչել են հայտարարություններ, որ Եվրասիական տնտեսական գոտու երկրները հնարավոր է մտնեն ռուբլու գոտի։ Պարոն Սաֆարյանն առաջին անգամ էր լսում այդ մասին. «Բայց եթե նույնիսկ լինի, ընենց էլ չի էլի, որ մենք նստած... Ես կառավարությունում, համենայնդեպս, օղակ չգիտեմ, որ նստած հիմա դրա մասին ա մտածում, թե ինչ անի»։ Ֆինանսագետը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի վերաբերմունքը, եթե հանկարծ Ռուսաստանը պնդի մեր երկրին մտնել ռուբլու գոտի. «Ես լիազորված չեմ նման պատմական հարցերի պատասխանեմ» ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի պնդմամբ՝ «Այդպիսի հարցադրում չկա, որպեսզի քննարկվի»։ Պարոն Մինասյանը վստահեցնում է, որ ռուբլու գոտի մտնելը չի կարող լինել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գինը, մեր շահերից բխում է հենց ԵՏՄ-ին անդամակցելը. «Գինը գիտե՞ք որն ա, եթե դուք մի հատ բան եք ուզում, ինքը ձեզնից մի բան է ուզում»։ Հանձնաժողովի նախագահը հիշեցնում է, որ միութենական պետության շրջանակներում անգամ Ռուսաստանը եւ Բելառուսը չկարողացան միասնական դրամական միավոր. «Քննարկեցին, քննարկեցին ու որոշեցին դադարել քննարկումը»։ Հայաստանը ռուբլու գոտում հայտնվելու փաստը իր վերջին ասուլիսում չէր բացառել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պարզապես պետք է ենթակառուցվածքներ ստեղծել, որպեսզի ռուբլին դառնա ազատ փոխարկելի արտարժույթ. «Մինչեւ դրան հասնելը հլը պետք է միասնական տնտեսական տարածք ստեղծել, դեռեւս պետք է կենսամակարդակը Հայաստանի առնվազն երեք անգամ բարձրացնել»։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ չի բացառում, որ Հայաստանը մի օր կմտնի ռուբլու գոտի, բայց լավ պետք է պատրաստվի դրան, քանի որ կորցնելու են ինքնուրույն դրամավարկային քաղաքականությունը. «Առեւտրային հարաբերություններում անհրաժեշտություն չի առաջանա ռուբլուց անցնել դոլարի, դոլարից անցնել դրամի»։ Տնտեսագետը գրեթե չի կասկածում, որ ԵՏՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացները կհասցնեն նրան, որ ձեւավորվի միասնական արժույթ։ Նրա կանխատեսումներով, դա այնքան էլ հեռու ապագայի հարց չէ՝ առաջիկա երեք տարվա ընթացքում։