Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առերեսում «Ա1+»-ի լրագրողի եւ ԱԺ անվտանգության ծառայության պետի միջեւ (տեսանյութ)

Քաղաքականություն
B27udqljDvs

ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում։ Այն տեւել է մոտ երեք ժամ։ Հիշեցնենք, որ հարուցված է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ՝ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, «Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է հարցաքննության։ Սա երրորդ հարցաքննությունն է. առաջինն անցկացվել է սեպտեմբերին։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն կայացրել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, որը եւ բողոքարկվեց եւ Գլխավոր դատախազի կարգադրությամբ քր. գործ հարուցվեց։ Ի դեպ, այն ժամանակ ԱԺ անվտանգության ծառայության պետի եւ լրագրողի միջեւ առերեսում չէր անցկացվել, թեեւ ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ առերեսումը կատարվում է, երբ երկու անձանց ցուցմունքների միջեւ կան հակասություններ։ Իսկ այս գործում կային  ցուցմունքների հակասություններ. ՀՔԾ 22. 09. 2014թ կայացրած որոշման մեջ հստակ երեւում էր, որ Կարեն Հայրապետյանը չի ընդունում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստը՝ նույնիսկ առկա տեսանյութերի պարագայում։ Երկրորդ անգամ «Ա1+»-ի լրագրողը հրավիրվել էր ՀՔԾ՝ քր. գործը հարուցվելուց հետո։ Նա այս գործով վկայի կարգավիճակում է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։