Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ նախագահ. «Պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
11d91471cb47650c71ac83f5fb2e2b37

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի համար բազմամարդ հանրահավաքները դեռեւս չափանիշ չեն, որպեսզի ընդդիմության հետ նստեն բանակցությունների սեղանին. «Իշխանափոխություն, անհապաղ արտահերթ ընտրություններ, եթե դարձյալ նույն երգն ենք լսելու, կարծում եմ՝ որեւէ համագործակցության մասին գոնե այդ ոլորտում իմաստ չունի»։ Պարոն Հարությունյանը պատրաստ չէ ճնշումների տակ թողնել իշխանությունը, եթե նույնիսկ հրապարակում տասնյակ հազարներ են կանգնած, եւ հրաժարական պահանջողն էլ Գագիկ Ծառուկյանն է. «Ես դեռեւս չեմ տեսել որեւէ մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի կամ հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ»։ Հայաստանում պարտադրանքով արտահերթ ընտրությունները բացառվում են,-ասում է պարոն Հարությունյանը։ Արտահերթ ընտրություններ, սակայն, կլինեն,-լրագրողներին տեղեկացնում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Արդեն պատրաստվում ենք. «Մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ առաջիկայում, կան մի քանի համայնքներ, որտեղ անցկացվելու են արտահերթ ընտրություններ»։ Պարոն Մուկուչյանը դեմ չէ ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, սակայն որեւէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանում ընտրությունները համատարած կեղծվում են. «Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ եղել են ազատ, արդար, թափանցիկ եւ առանց կեղծիքների»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի ծիծաղն արդեն չի գալիս նման պնդումներ լսելիս։ Մեր ընտրացուցակներում 2,5 միլիոն մարդ է ներգրավված, բայց նույնիսկ իշխանությունը գիտի, որ փաստացի այդքան մարդ Հայաստանում չկա, ավելին տարեցտարի պակասում են. «Քաղաքացիների թիվը նվազում է եւ շատ էսպես ահագնացող չափերով է նվազում, իսկ ընտրություններին համապետական մասնակիցների թիվը զարմանալիորեն աճում է։ Որովհետեւ այլ դեմոգրաֆիական ցուցանիշ հանրապետությունում չի աճում»։ Ընտրություններ կեղծող իշխանությունը բնականաբար պետք է հեռանա, արդեն իսկ սկսվել է իշխանափոխության գործընթացը եւ շատ արագ հանգուցալուծումը կլինի. «Շարժումը դժվար էդքան երկար պահեն, երբ որ դիմացը էսպես համապետական իրադարձություններ չկան, էս շարժումը մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է իր լուծումը ստանա»։ Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ է դժգոհություններին՝ մի մասը նստացույց էր պահանջում դեռ նախորդ հանրահավաքին, մի մասը ավելի հաճախակի հանրահավաքներ է ուզում, բայց ընդդիմությունը գիտի, թե ուր է գնում. «Մնացած փոփոխությունները արդեն կատարվում են իշխանական դաշտում եւ էնտեղ էլ պետք է կատարվեն, որովհետեւ էդպիսի քանակությամբ եւ էդպիսի պահանջներով հանրահավաքների անցկացումը չի կարող իր արձագանքը չստանալ իշխանության դաշտում»։ Պարոն Ջհանգիրյանը կոչ է անում լուրջ չվերաբերվել իշխանության հրապարակային հանգստությանը։ Եվ նկատում է, որ շարժմանն ընդդիմանալու նրա ռեսուրսների 80 տոկոսն այլեւս աշխատող չէ։