Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս դահլիճ չբերեք հրապարակի դիրքերը». Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

Տնտեսություն
Hovik-Abrahamyan12-e1351862383452

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր սկսվեցին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այն պատգամավորներին ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նկատեց, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ինքն առաջին անգամ է ներկայացնում բյուջե եւ ակնկալում է շահագրգիռ քննարկումներ: Ներկայացնելով բյուջեի հիմնական ուղղությունները՝ վարչապետը նշեց՝ 2015թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2014թ. համեմատությամբ 4.1 տոկոսով ավելի, որին կնպաստեն ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերի աճերը: Եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,184.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.3%-ով ավելի: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ակնկալվում է 26.2 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ծրագրավորվել է շուրջ 1,298.6 մլրդ դրամ` 2014 թ. համեմատ շուրջ 52.2 մլրդ դրամով ավելի: Բազային աշխատավարձի չափը կկազմի 66140.0 դրամ, որից օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը կլինի 63,338.1 մլն դրամ՝ 2014թ. ավելի է 14,668.6 մլն դրամով: 2015 թ. պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրվում է 114.1 մլրդ դրամ, իսկ ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի 192 մլն ԱՄՆ դոլար, որից 95 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով եւ 97 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տոկոսավճար: Սակայն հաջորդ տարի նախատեսվում է ստանալ մոտ 266 մլն ԱՄՆ դոլար: Այս ամենով հանդերձ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց՝ հաջորդ տարվա բյուջեն հստակ սոցիալական ուղղվածություն կունենա. «Շուրջ 25 մլրդ դրամով կավելանան կրթության եւ սոցիալական ոլորտների հատկացումները: Բացի այդ, նախատեսվում է գործարար միջավայրի բարելավում, հիմքային ոլորտի զարգացում, հավասար պայմանների ապահովում մասնավոր գործարար ոլորտում: Մենք ազատում ենք փոքր բիզնեսին: Արդյոք սա հաջորդ տարի հեղափոխական կլինի՞, դեռ կտեսնենք: Երկակի ստանդարտների վերացման առումով ակտիվորեն կիրականացվեն տեսչական բարեփոխումներ՝ ինչքան քիչ տեսուչ, այնքան լավ: Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում ձեւավորված արատավոր պրակտիկան վերացնենք. մեր թիրախը խոշոր բիզնեսն է: Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»: Նա վստահեցրեց՝ նվազեցնելու են ստվերը՝ հետեւողականորեն, հաստատակամորեն, մրցունակության բարձրացմամբ: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա հիսուն տոկոսով կաճեն հատկացումները. «Բոլոր ապօրինի հորերի դեմ անողոք պայքար կիրականացվի ու կանցնենք նոր, առավել խնայող տեխնոլոգիաների»: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց՝ կառավարությունն աշխատելու է բաց ու թափանցիկ: Անդրադառնալով ոլորտային խնդիրներին՝ նա ասաց, որ իրենք արդեն կիսով չափ կրճատել են արագաչափերով արձանագրված իրավախախտումների տուգանքների չափերը, իսկ դպրոցներում ներդնելու են ազգային երգուպար առարկան, որը կխթանի հայրենասիրությունը: Նա կոչ արեց բյուջեի քննարկումներին զերծ մնալ քաղաքական բանավեճերից, քանի որ բյուջեն պրագմատիկ փաստաթուղթ է. «Նկատի ունենանք այն հանգամանքը, որ մենք ծախսելու ենք այնքան, որքանի հնարավորություն ունենք՝ պետական պարտքը նկատի ունենալով: Իրականության հետ կապը չկորցնենք եւ խոսենք ողջամտության սահմաններում: Այս կամ այն ոլորտին հույզերով ու զգացմունքներով չմոտենալ: Խնդրում եմ գիտակցել մի հանգամանք՝ մենք իրավունք չունենք խախտելու բյուջեի ողջամտության բալանսը, մենք չենք կարող վտանգել այս կամ այն ոլորտը՝ մյուսները բարելավելու համար: Ամեն կուսակցություն, բնականաբար, փորձում է ազդել բյուջեի ու այլ գործընթացների վրա, դա նորմալ է, սակայն ես իմ կարծիքը հիմա չեմ հնչեցի, դա կլինի այլ հարթակներում: Ուղղակի մի բան կխնդրեմ՝ չբերենք այս դահլիճ հրապարակի դիրքերը ու հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից»: