Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր եւ ինչ հանգամանքներում են մահացել 27 -ի վկաները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
86de4616facccad422ada80f7d82ce08

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 15 տարի, սակայն մինչ օրս ոճրագործության կազմակերպիչների մասին ոչինչ հայտնի չէ: Թեեւ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար, Սակայն 2 տարի 9 ամիս տեւած նախաքննությունը որեւէ արդյունք չտվեց: Ըստ պաշտոնական գնահատականի, կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։ Սակայն որեւէ արդյունք չունենալու պատճառով 2004թ. նոյեմբերի 11-ին անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է: 2014 թվականի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ նահանգներում վաղաժամ կյանքից հեռացավ հոկտեմբների 27-ի գործով առանցքային վկա Տիգրան Նազարյանը, ով երկու ժամ Նաիրի Հունանյանի հետ է անցկացրել ահաբեկչությունից հետո եւ ով հեռախոսային վկայություն է տվել ԱՄՆ-ից՝ Ռոբերտ Քոչարյան - Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ: Նա նշել է, որ ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով: Այսպիսով, նա կամ հաստատում է, որ այդպիսի ձայնագրություն կա, կամ հասկացնում, որ եթե չկա նման ձայնագրություն, ապա դա տարօրինակ է: Տարօրինակ է այն, որ Հանրայի հեռուստաընկերությունը իր թղթակցին՝ Տիգրան Նազարյանին, 2000 թվականի նոյեմբերին գործուղեց ԱՄՆ, որից հետո խզեց նրա հետ պայմանագիրն ու վերջինս զրկվեց հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Նա այս մասին նույնիսկ թերթերից մեկին հարցազրույց տվեց: Նրա նկատմամբ եղել էին նաեւ ճնշումներ, ահաբեկումներ, որ չհամարձակվի վերադառնալ Հայաստան, այլապես իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ Տիգրան Նազարյանը շատ հարցերի շուրջ կարող էր լույս սփռել: 1999թ. Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացան: Մասնավորապես` մահվան առաջին դեպքը տեղի ունեցավ ողբերգության հաջորդ տարում. 2000 թվականին«Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացավ այս գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը պաշտոնապես չի հաստատվել: 2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Մահվան հաջորդ դեպքը տեղի ունեցավ 2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության,ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը: Դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը՝ Նաիրի Հունանյանի քեռին, պարբերաբար հայտարարում էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի: Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց՝ 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության ենթարկվեց, սակայն, գիտակցության չգալով, մահացավ: Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացավ գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: 2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիրների չի ունեցել: Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը: Էդիկ Գրիգորյանի սիրտը անցած տարի հոկտեմբերի 29 –ին ստենտավորել են, Նաիրի Հունանյանը եւս ենթարկվել է վիրահատության: Մեկ անգամ Նաիրի Հունանյանը դիմել է իր ցմահ ազատազրկումը 20 տարով փոխարինելու խնդրանքով, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքում արված փոփոխության, սակայն մերժվել է: Ըստ գործում ներգրավված փաստաբանների՝ նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված փաստերը բավարար են, որպեսզի քաղաքական կամք ունենալու դեպքում գործն ամբողջությամբ բացահայտվի: