Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանի եւ Հ. Աբրահամյանի թոռներին «2» նշանակած ուսուցիչը հետ հանձնեց արտոնագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
narek

Շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը հետ է վերադարձնում շախմատի ուսուցիչի արտոնագիրը, որը տրվել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Հայաստանի Շախմատի ազգային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի կողմից։ «Վկայականը վերադարձնելու պայմանը այն է, որ ես չեմ ընդունում այս կառավարությանը զուտ այն բանի համար, որ եթե 20-ից 20 ստացած ուսուցիչը չի կարողանում դասավանդել դպրոցում, եթե այսօր Սաքուլիկներն են դառնում պրոռեկտորներ, եթե Լիսկաներն են դառնում մարզպետներ, ես ոչ մի ընդհանուր կապ չեմ ունենալու կառավարության որեւէ անդամի հետ եւ որեւէ երկխոսության անիմաստ է իրենց հետ մտնելը»,- այսօր Կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Նարեկ Վարազդատյանը։ Նա 2012 թ-ին մասնակցել էր «Շախմատ» ուսումնական առարկայի որակական դասընթացներին եւ ստացել է դպրոցում դասավանդելու իրավունք 3 տարի ժամկետով։ Նարեկ Վարազդատյանը հիշում է, որ 2013 թ- ի փետրվարին իրեն հրավիրել էին Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց, այնտեղ ինչ-ինչ պատճառներով տեղի ունեցավ կոնֆլիկտ. «Բանը կայանում է նրանում, որ ես երկուս էի նշանակել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին եւ դասին անպարկեշտ պահվածքի եւ դասին անպատրաստ գալու համար»,- պատմում է շախմատի ուսուցիչը։ Նարեկ Վարազդատյանը չի ցանկանում աշխատել պետական հիմնարկում, նա «Նար- Վա» շախմատի դպրոց է բացել։ Սակայն «Էրեբունի- Երեւանի» տոնակատարության օրը թույլ չեն տվել դպրոցի սաներին մասնակցել մրցումներին՝ պատճառաբանելով, թե շուտ պետք է հերթագրված լինեին։ «Չգիտեմ ինչ մտածեմ, միգուցե հանրապետականի զնաչոկը չենք կրում մեզ վրա, կամ «Նար-Վա» շախմատի դպրոցի պատերից կախված չէ Սերժ Սարգսյանի նկարը կամ, միգուցե քարոզարշավ չենք անում անչափահասների մոտ՝ հօգուտ հանրապետական կուսակցության»,- ասում է Նարեկ Վարազդատյանը։ Այսօր, սակայն, շախմատի ուսուցիչը արտոնագիրը անձամբ չհանձնեց Կրթության եւ գիտության նախարարին, նա դա կուղարկի փոստի միջոցով։ Այսօր էլ Նարեկ Վարազդատյանը շարունակում է պնդել, որ 2013 թ նախագահի ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։