Ամեն ինչ արվեց` գործը կոծկելու համար. Ստ. Դեմիրճյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ օրս ոչ մի կասկած չունի, թե ովքեր են եղել հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները: Այսօր նա ԱԺ նախագահի ու բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ միասին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեց խորհրդարանի այգում տեղադրված հուշարձանի մոտ:
Ըստ վարչապետի` ժամանակին պատկան մարմինների կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի ոճրագործությունը բացահայտվի. «Բայց ունենք այն, ինչ ունենք: Եթե հանրության մեջ կա իսկապես կասկած, ուրեմն պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ արվեց ու իրականությունն այսօր սա է: Այն ժամանակ, որ զբաղվում էին այս գործով, պատկան մարմինները, բոլորը ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի, եւ կային հարազատներ` ի դեմս վարչապետի: Մարդիկ զբաղվում էին, որ իրականությունը բոլորն իմանան, քանի որ հանրությունը սպասում էր: Այնպես չի, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել»:
ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մոր` Ռիմա Դեմիրճյանի եւ ընտանիքի անդամների հետ եւս ԱԺ այգում էր: Լրագրողների հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանը հետեւյալն ասաց. «Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետեւում մայր ուժեր կանգնած չեն, սակայն ամեն ինչ արվեց` գործը կոծկելու համար: Հուսով եմ, որ, ի վերջո, ճշմարտությունը կբացահայտվի»: