Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասընթաց բժիշկների համար՝ Ստեփանակերտում

Հասարակություն
unnamed37

Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բժիշկների որակավորման դասընթաց է անցկացնում Ստեփանակերտում: Սեմինարի առաջին օրը Նորք ինֆեկցիոն կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանը ԼՂՀ մայրաքաղաքի ու մարզերի մանկաբույժներին ծանոթացրել է մանկական վարակիչ հիվանդությունների ակտուալ խնդիրներին ու մոտեցումներին:Դասընթացն անցկացվել է Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում: Հոկտեմբերի 25-ի դասախոսությունները Ստեփանակերտի ծննդատանն են: Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանը ներկայացնելու է հղիության ընթացքում հնարավոր բարդություններն ու դրանց բուժման ժամանակակից մեթոդները: ԼՂՀ այցելության շրջանակներում ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ու դասընթացավարները հանդիպել են նաեւ ԼՂՀ Առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանին: Հանդիպմանը դասընթացավար-բժիշկների նախաձեռնությամբ մանկական վարակիչ հիվանդություններին ու հղությանը վերաբերող, Լեռնային Ղարաբաղում առկա մի շարք խնդիրների լուծման առաջարկներ են արվել, որոնք փոխնախարարը շատ է կարեւորել ու խոստացել է առաջիկայում քննարման առնել: ՀՕՖ-ն իր հերթին խոստացել է «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերհանված խնդիրները լուծելուն անհրաժեշտ գիտելիքներով վերապատրասել ղարաբաղցի բժիշկներին: 2005 թվականից գործող «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրով Երեւանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ավելի քան 500 բժշիկներ Հայաստանի մարզերից ու Լեռնային Ղարաբաղից, որ ընդգրկվել է ծրագրում 2011 թվականից՝ Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ: Համագործակցության շնորհիվ հնարավոր  է եղել նաեւ բժշկական սարքավորումներով հագեցնել մարզային հիվանդանոցներն ու ստեղծել մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց։