Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքները Հայաստանում. ովքե՞ր, ե՞րբ, ինչի՞ համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
X9OnpvUiQjg

Առաջին հանրահավաքները ամենեւին էլ հետընտրական զարգացումների արդյունք չէին: Հայաստանն այդ ժամանակ ԽՍՀՄ-ի մաս էր: 1987-ի էկոլոգիական բողոքները պահանջում էին փակել ատոմակայանը: Խորհրդային իշխանությունն ի վերջո տեղի տվեց: 1988-ին Թատերական հրապարակը հանրահավաքների թատերաբեմ դարձավ Արցախը Հայաստանին միացնելու պահանջով: Բարձրացված բռունցքները հայ ժողովրդի միասնության մասին էին: Վերջին անգամ դրանք բարձրացվեցին, երբ անկախության հանրաքվեից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ: Այդ օրերին Պարույր Հայրիկյանը, փաստորեն առաջին քաղաքական ընդդիմադիրն էր, որը բողոքի գործողությամբ արձագանքեց տեղի ունեցածին, սեւ դրոշներով իր համակիրների հետ դուրս եկավ փողոց: Հայաստանը ներքաշվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մեջ: Պատերազմող Հայաստանում հանրահավաքային շարժումներն արդեն միասնության հետ կապ չունեին: Հայաստան վերադարձած Դաշնակցությունը ճակատում կռվում էր ադրբեջանցիների դեմ, իսկ Երեւանում պահանջում էր մթի, ցրտի եւ հացի պակասի դեմ պայքարող ՀՀՇ-ական իշխանությունների հրաժարականը: Այս պահանջը դարձավ քաղաքական ընդվզումների գրեթե հիմնական բաղադրիչ: 1995-ին կես տարի առաջ կասեցված Դաշնակցությունից հետո ընդդիմադիր առաջին ջութակն ԱԺՄ-ն էր: Ազատության հրապարակը ժամանակ առ ժամանակ գրավում էր նաեւ Պարույր Հայրիկյանը: Մեկ տարի հետո Հայաստանում տեղի ունեցավ առաջին ամենախոշոր հետընտրական հանրահավաքը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի կարծիքով Լեւոն-Տեր Պետրոսյանի թիմը կեղծել էր նախագահի ընտրությունները եւ իրեն զրկել Բաղրամյան 26-ում նստելու հնարավորությունից: Մանուկյանի կողմնակիցները հզոր հանրահավաքային երթով գրոհեցին Ազգային Ժողովը, ծեծեցին նրա ղեկավարությանը եւ այդքանով շարժումը մարեց: Բողոքի գործողությունները հետպատերազմական Հայաստանում արդեն միայն քաղաքական չէին, մարդիկ դժգոհում էին «Արմենթելի» եւ Կոնյակի գործարանի վաճառքներից՝ երկու դեպքում էլ կոռուպցիայի հոտ առնելով: Վաճառքը կանխել չհաջողվեց: Գրեթե միշտ իշխանությունը դիմում էր բռնությունների, որոնք անխուսափելի դարձան հատկապես հետընտրական հանրահավաքների ժամանակ։ Ժողովուրդն ընդվզեց նաեւ 1998-ի եւ 2003-ի կեղծված նախագահի ընտրությունների դեմ: Երկու դեպքում էլ բողոքն արդյունք չտվեց: Դրանց արանքում Ռուսաստանից Երեւանի Ազատության հրապարակ մտավ գործարար Արկադի Վարդանյանը: Ռոբերտ Քոչարյանին տապալելու նրա շարժումն ավարտվեց ձերբակալվելով, բանտում հիվանդանալով եւ Ռուսաստան վերադառնալով: 2003-ին առաջին անգամ իշխանությունը փակեց Բաղրամյան փողոցը եւ ցուցարարներին թույլ չտվեց հասնել նախագահի նստավայր: Նախագահի նստավայրը դարձավ միայն մասնավոր կամ սոցիալական փոքրիկ ընդվզումների գործողության վայր, մարդիկ այնտեղ բողոքում էին խոսքի ազատության սահմանափակումներից, ազատության դեմ ոտնձգություններից, հանրային շահի զոհ դառնալուց, բանակում խաղաղ պայմաններում կատարված սպանությունների կոծկումից: Բողոքի ոչ մի գործողություն արդյունք չտվեց: Իշխանությունը պատրաստվում էր 2008-ի նախագահի ընտրություններին: Մինչ այդ 4 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ենթակաները մահակներով ծեծել եւ Բաղրամյան պողոտայի մի փոքրիկ հատվածը գիշերով մաքրել էին նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի համակիրներից: 2008-ին Սերժ Սարգսյանի կողմնակիցները կեղծեցին նախագահի ընտրությունները նախադեպը չունեցող ծավալներով: Որից հետո սպանեցին ընտրությունների արդյունքների դեմ բողոքող 10 հոգու: 2008-ից հետո բողոքի գործողությունների անփոփոխ թատերաբեմ դարձավ կառավարության շենքը: Հընթացս սոցիալական, էկոլոգիական բողոքի եւ հանրահավաքների պատճառ դարձան Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի եւ Լեզվի ինստիտուտի շենքի քանդումը, Թեղուտի ոչնչացումը, Մաշտոցի զբոսայգին առեւտրային կրպակատեղի վերածելու գաղափարը, հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, Փակ շուկան: Գրանցվեցին փոքրիկ հաջողություններ: Իշխանությունը կամաց-կամաց տեղի է տալիս: Քաղաքական ընդվզումները նույնպես սկսեցին արդյունք տալ: Վահե Ավետյանի սպանությունից հետո պատգամավորությունից հրաժարվեց հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, իր տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո հրաժարական տվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ այս տարվա ապրիլին իր դեմ կազմակերպվող ընդդիմության խոշոր հանրահավաքին չսպասելով հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: