Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունները կշարունակվեն

Քաղաքականություն
unnamed44

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին։ Նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշեց, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից։ 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում` աջակցություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից և արցախյան գոյամարտից տուժած համայնքերին։ Հիմնադրամն առ այսօր բարեսիրական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Հայաստանում ծրագիրը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում: Հիմնադրամը նաև դեղեր է տրամադրում պարբերական հիվանդությամբ և էպիլեպսիայով տառապող մինչև 14 տարեկան հիվանդ երեխաներին և այն: Այնուհետև քննարկվեցին «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևելյան տարածաշրջանի տեղական մարմնի կողմից իրականացվող HyeBridge հեռուստաբժշկության ծրագիրը շարունակելու և առավել արդիական դարձնելու, համագործակցությունն ընդլայնելու և այլ հարցեր։ «Կցանկանայի ավելի խորությամբ ծանոթանալ երկրի կարիքներին` մանկական առողջապահության ոլորտում մեր ծրագրերն առավել թիրախային դարձնելու նպատակով»,-ասաց Իրինա Լազարյանը։ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց կազմակերպության բարեգործական ծրագրերը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։