Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չգիտեմ՝ լիդերների ֆինալի հայտարարությունը». Արամ Մանուկյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
հանրահավաք3

«Ես չեմ կարծում, որ ժողովրդի մեջ մի շերտ մնացել է, որ իշխանափոխություն չի ուզում, երեւի միայն որոշ պաշտոնյաների մեջ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում այսօր կայանալիք եռյակի հանրահավաքին եւ իրենց գլխավոր պահանջին: Նա ընդգծեց՝ այսօրվա հանրահավաքին ներկա են լինելու մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնք քաղաքական թելերով իրար հետ կապված չեն, այլ լրիվ ուրիշ մոտեցումներ ունեն. «Լրիվ նոր մարդիկ են լինելու, ոչ քաղաքական: Ինչպես հիվանդն է իր վերջին շնչի ժամանակ զգում, որ ներքին ռեսուրսներն են արթնացել, այդպես էլ այդ մարդիկ են լինելու: Մարդիկ փոփոխության անհրաժեշտություն են զգում: Մենք էլ մեր պատասխանատվության չափն ենք զգում: Հանրահավաքին պահանջարկը լինելու է շատ, ավելի ագրեսիվ ու մաքսիմալիստական, քան կարող են լինել մեր հաշվարկները»: Ըստ նրա՝ եթե տարիներ առաջ իրենք էին իշխանափոխություն ուզում, հիմա հակառակն է՝ հասարակական պատվերն ավելի ուժեղ է. «Դա մեր ուզածն է, մնում է ուժերը ճիշտ տեղաբաշխել ու այդ էներգիան բաշխել արդյունավետ, որ իշխանության փոխանցումը լինի անցավ, անցնցում: Աստված մեզ հետ, ամեն ինչ լավ կլինի: Ես չգիտեմ՝ լիդերների ֆինալի հայտարարությունը, եւ որեւէ մեկն էլ չգիտի, այդ ադաթը չկա, թե նախապես իմանանք՝ ով ինչ ելույթ է ունենալու: Մենք ընդհանուր եզրերն ենք պայմանավորվում: Հանրահավաքի էներգետիկան, տեղեկատվությունը հստակեցնելուց հետո, խորհրդակցությունից հետո լիդերները կգան ընդհանուր եզրահագման՝ հետագա քայլերի մասին»: Պարոն Մանուկյանը վստահեցնում է՝ այս հանրահավաքին կոնկրետության մեջ ավելի հստակություն է լինելու. «Սա հոկտեմբերի տասի հանրահավաքը չէ: Շատ կարեւոր է եւ միանշանակ է՝ բախում ու հիասթափություն չլինի, ոսկե միջին չկա, միշտ մենք վախեցել ենք պրովոկացիաներից: Մեծ մասսաների դեպքում աշխատում է միայն հարթակի կանոնը: Ես կարծում եմ՝ ներդաշնակ կլինի լիդերների եւ ժողովրդի ցանկությունը: Ոչ միայն ժողովուրդը, այլեւ ես էլ եմ հենց հիմա ուզում իշխանափոխություն: Ցանկության խնդիրը բոլորիս մոտ նույնն է, ուղղակի ռեսուրսները պետք է ճիշտ օգտագործել: Եթե քո դեմ կա իշխանություն, որը հակառակն է անելու ու այնպես պետք է անես, որ հաղթանակդ ապահովված լինի, ձգձգելը կարող է բերել հիասթափության ու տարաբաժանումների»: Ի դեպ, ԱԺ այսօրվա ճեպազրույցներին ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց: