Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերը կառավարության լավ խոստումների վատ փորձ ունեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkar000011

400 բնակիչ ունեցող Շախաթ գյուղի մանր առեւտրականը արցախյան ազատամարտի մասնակից է, լացը գալիս է իր եւ մյուսների կյանքի այսօրվա վիճակից. «Ընդամենը, եթե ստե փող ա մտնում, դպրոցի աշխատողներին աշխատավարձ, մի քանի հոգի ու մնացած թոշակառու եւ անգործ մարդիկ։ Վարկերի տակ ճռռում են, եթե ունեն մի կով էդ կովն էլ ա ծախում»։ Ինքնահոսի մատնված իրենց կյանքը Նախիջեւանի հետ սահմանին ապրող այս մարդիկ շատ կուզեին մտցնել իշխանությունների աչքը։ Նրանց տեղը չգիտեն. «Հիմիկվա իշխանությունից խելքս բան չի կտրում, բայց եթե իշխանափոխություն լինի, միգուցե մի բան կլնի»։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մանրամասն է ծանոթացել այս օրերին Ազգային Ժողովում քննարկվող «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը։ Այնտեղ գյուղացուն վերաբերող ոչ մի արտոնություն էլ չկա. «Ես Նաիրա Զոհրաբյանի հետ գրել եմ օրենքի նախագիծ, որտեղ հողի հարկի, գույքահարկի արտոնություններ ա եղել։ Սուբսիդիաների կոնկրետ նպատակային հասցեական սուբսիդավորման արտոնություն, որը չկա»։ «Շրջանառության հարկի» մասին օրենքի տեսանկյունից նայած իշխանությունը սահմանամերձ գյուղի ձեռներեցին մտադիր է շնորհել ամսեկան ընդամենը 100 դրամի հարկային արտոնություն. «Էդ 100 դրամը փաստաթղթավորման պահանջի փաստաթղթի արժեքից ավելի էժան ա, քան՝ 100 դրամը»։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է համբերել՝ սահմանամերձը պետք է տարանջատել սահմանապահից, որ իմանանք, թե ում հետ ոնց ենք վարվում. «Եթե մենք գնում ենք արդեն արտոնություններ տալու՝ էլեկտրաէներգիայի եւ մյուսի արտոնությունները, մենք չունենք էդ սահմանումները»։ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նկատում է. «Ի՞նչ է առաջարկվում սահմանապահ համայնքների կրպակներին, խանութներին, ասվում է, որ այդ խանութները կազատվեն հարկերից, ընդհանրապես հարկերից կազատվեն, եթե օրինակ լուցկի ատամի չոփ, չայի կանֆետ եւ վաֆլի վաճառելու համար ունենան պահեն այ այսպիսի հաշվապահություն։ Իսկ էդ հաշվապահությունը պահելու համար քանի հաշվապահ է հարկավոր, օրենքը չի ասում»։ Նիկոլ Փաշինյանն այս օրինագծում տեսել է, թե ինչ է սպառնում ադրբեջանական նշանառուի թիրախի տակ առեւտուր անող այն հայ ձեռներեցին, որը հաշվապահ չունի. «Եթե խախտեն, տնով, տեղով տոկոսի տակ կընկնեն ամեն ինչ կկորցնեն ու կառավարությունն ասում ա, որ ինքը շատ մեծ լավություն ա անում սահմանամերձ համայնքներին»։ Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկելու այս օրենքին, որովհետեւ ըստ նրա կառավարությունը հերթական անգամ ուզում է քցել սահմանապահ գյուղացուն, որն իր երեխային դպրոց է ուղարկում ադրբեջանցի նշանառուի թիրախի տակ. «Այս դահլիճում էլ, կառավարությունում էլ իշխանական եւ քաղաքական վերնախավում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ժողովրդին խաբելու, քցելու հարուստ փորձ ունեն»։