Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է պահանջելու վաղը ԲՀԿ-ն իշխանություններից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gurgen

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը գիտի, թե իշխանություններից ինչ է պահանջելու ԲՀԿ-ն վաղվա վճռական հանրահավաքի ժամանակ. «Տեղեկացնում ենք, որ կա, հարգելիներս իմացեք, որ երկրում այսպիսի պրոբլեմներ կան եւ մի եղեք անտարբեր երկրի պրոբլեմների նկատմամբ»։ Պարոն Արսենյանի հետ զրուցող լրագրողներն իրենց ականջներին չհավատացին։ Այսինքն, ԲՀԿ-ն վաղն իշխանություններից հրաժարական չի պահանջելու. «Գնալ եւ պահանջել հեռանալ, դա ամենակարճ, բայց եւ ամենապարզ եւ պարզամիտ մեխանիզմն ա, դու գնում, պահանջում ես, ասում ես՝ հեռացիր, իշխանությունն էլ ասում է՝ չեմ հեռանում»։ Պարոն Արսենյանն ասում է, որ ոմանք փորձում են այս մեխանիզմը մտցնել մարդկանց ուղեղները եւ ցույց տալ, թե դրանով հարց կլուծվի։ Այս իշխանությունը դեռ պարտականություններ ունի, որոնք պետք է դեռ կատարի. «Սա մեր բոլորի երկիրն ա, մեր հայրենիքն ա»։ Իսկ ինչու՞ են վճռական հանրահավաք հրավիրում եւ իշխանությանը տեղեկացնում իր պարտականությունների մասին, որոնց իշխանությունն առանց դրա էլ տեղյակ է եւ ինչու՞ պետք է մնա, եթե վաղվա հանրահավաքով է տեղեկանալու. «Չէ՞ որ հանրահավաքը ժողովրդավարական մոդելի գործիքներից մեկն ա, ժողովրդավարական մոդելի այդ գործիքի կիրառումը ես կարծում եմ, որ ավելի ազդեցուցիչ ա եւ ավելի ակնառու ա դարձնում մեր կողմից առաջ քաշված խնդիրների հրատապությունը եւ կարեւորությունը»։ Պարոն Արսենյանը հիշեցնում է, որ իշխանությունը չի ցանկանում ավերել այս երկիրը, հանրահավաքի ելույթներում ինքը տեսնում է, որ կարեւոր հարցեր կան այս երկրում։ Պատգամավորին հիշեցրեցինք, որ եռյակում համենայնդեպս մեկ ուժ կա, որ հստակ իշխանափոխություն է պահանջում, եւ ԲՀԿ-ն կանգնած է նրա կողքին. «Ձե՞զ խի ա դա անհանգստացնում, քաղաքական ուժերն ունեն իրենց ներքին խոհանոցը, որն իրենց ներքին խոհանոցն ա»։ Սակայն ժողովուրդն ավելի արմատական լուծումներ է ուզում, օրինակ՝ իշխանափոխություն։ Նա չի ուզում այս իշխանություններին ժամանակ տալ։ Ըստ պատգամավորի, եթե ժողովուրդն ուզում է հուսախաբվել, պատճառ կգտնի. «Ինչ-որ մեկը եթե ունի իր երազների ու ցանկությունների մեջ, որ ժողովուրդը բռունցք դառած չգիտեմ ինչ անի, նա էլ էդ մասը իր համար կգտնի»։ Պատգամավորը հանգստացնում է բոլորին։ Քաղաքական հստակ գործընթացի մեջ ենք, ինչ էլ լինի՝ շահելու ենք. «Որովհետեւ մենք իշխանություններին սթափության կոչ ենք անում»։