Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը հասցեական ոչինչ չի առաջարկում սահմանամերձ բնակիչներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

«ՀՀԿ ճնշող մեծամասնությամբ եւ ԲՀԿ որոշ պատգամավորների ջանքերով արգելափակվեց իմ նախագիծը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագծի վերաբերյալ եւ հիշեցնելով համանման իր նախագծի մասին, որն այդպես էլ ԱԺ-ն չընդունեց: Խոսելով իր նախագծից՝ նա նշեց, որ հստակ եզրույթ էր տվել սահմանապահ համայնքներին. «Նրանք հատուկ, պետական ռազմավարության կարիք ունեն: Ինչու սահմանապահ, այլ ոչ թե սահմանամերձ: 173 համայնքների ցանկ կա, որը վերաբերում է ՀՀ պետական բոլոր սահմաններին: Բոլորը հավասարապես համարվել են սահմանամերձ: Մինչդեռ Ջիլիզա եւ Մովսես համայնքներն ընդամենը սահմանամերձ չեն: Առաջարկվում էր, որ նրանց կոմունալ վարձավճարների հիսուն տոկոսը վճարվի պետական բյուջեից, փոխհատուցվեր նրանց հողի եւ գույքի հարկերը, թշնամու գնդակից վիրավորվածները եւս բուժվեին պետական բյուջեի հաշվին»: Ըստ պարոն Փաշինյանի՝ սրանք այն մինիմալ միջոցներն էին, որոնք պետք է սահմանամերձի բնակչին ցուցաբերվեր. «Այդ համայնքների բնակիչները պետք է զգային, որ պետությունը կանգնած է իր թիկունքին այնպես, ինչպես ինքն է կանգնած սահմանին: Իմ ներկայացրած նախագծի իրականացման համար ընդամենն անհրաժեշտ էր 2.5 մլրդ դրամ պետական բյուջեից»: Խոսելով արդեն Կառավարության ներկայացրած փաթեթից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իննսուն տոկոսով կապ չունի այդ համայնքների հետ. «Հասցեական ոչինչ չի առաջարկում բնակիչներին, այլ միայն կրպակներին ու խանութներին: Լուցկու տուփ, չայի կանֆետ, վաֆլի վաճառելու համար այ էսքան հաշվապահություն պիտի պահի տվյալ կրպակը»: Նա ծիծաղելի համարեց այն, որ Կառավարությունն ասում է, թե մի մեծ օգնություն է անում այսպիսով. «Ամռանը խորհրդարանի մեծադղիրդ այցելությունից հետո այդ բնակիչները սպասում էին տրված խոստումների կատարմանը: Ես դեմ եմ քվեարկելու այս նախագծին. սա կոչվում է ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից հետո հերթական անգամ արհամարհել սահմանապահ բնակիչներին, որոնք քնում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների նշանառության տակ: Այս կառավարության մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք ժողովրդին խաբելու, գցելու հարուստ փորձ ունեն: Այդ բազմությանը միանալու ոչ մի ցանկություն չունեմ»: