Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերադարձրեք գռփածը, եւ նպաստների հարցը կլուծվի» (տեսանյութ)

Հասարակություն
A7GEAW_2378638b

Կառավարությունը մտադիր է աշխատանք ունեցող հղիների նպաստներից գումարներ պոկել աշխատանք չունեցող հղիների նպաստը ավելացնելու համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ չի կարելի հանրության կամ հասարակության տարբեր խավերի ինչ-որ պետական բյուջեն լցնելու, ծախսերը կրճատելու մղումով հանել իրար դեմ։ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը գիտի, թե ինչու է կառավարությունն ուզում աշխատող հղի կանանց հաշվին լավամարդ երեւալ չաշխատող հղիների մոտ, մինչեւ հղիանալն այդ կինն ի վերջո փորձել է դրսեւորվել իր աշխատանքում. «Նա մեղավոր չի, որ մեր երկիրը որոշ մարդիկ թալանել են եւ բյուջեն դատարկած լինելով ճանապարհ են փնտրում, թե ինչ կերպ կարողանան գոյատեւել, պահպանել իրենց իշխանությունը»։ Պատգամավորը կառավարությանը տեղեկացնում է՝ վերադարձրեք ձեր թալանածը եւ գռփածը եւ չաշխատող հղիների նպաստի հարցը մեխանիկորեն կլուծվի. «Ստացվում է, որ մեր երկրում ոչ մեկը իրավունք չունի ապահով եւ կայուն նյութականով զգալու»։ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագծի շուրջ բողոքը նոր թափ կստանա կառավարության դիմաց սպասվելիք բողոքի տեսքով, ապագա մայրերը գլխի են ընկել՝ մեր իշխանություններին երեխաներ պետք չեն։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կարծիքով, սակայն, բողոքել պետք չի. «Որովհետեւ համոզված եմ, որ օրինագիծն ամեն ինչ դնելու է իր տեղը»։ Ըստ տիկին Մուրադյանի՝ այս օրենքը բացառիկ է. այն լինելու է միաժամանակ աշխատող եւ չաշխատող հղիների օգտին։ Դեռեւս չմայրացած ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ կառավարությունն ուզում է 12 հազար նպաստառուներից շահառուների թիվը դարձնել 42 հազար, բյուջեն էլ է մասնակցելու էդ վճարումներին. «Բացառվում է, որ 12 հազար աշխատող մայրերի փոխարեն 42 հազար երբ որ դրանք դառնան գումարելով չաշխատող կանայք, էդ 12 հազարը պահեն 30 հազարին»։ Երկուշաբթի օրվանից այս օրինագծի շուրջ կլինեն խորհրդարանական լսումներ, բայց արդեն այսօր պարզ է, որ կառավարությունը սահմանելու է աշխատող հղիի աշխատանքային ստաժը, ըստ այդմ է նրան նպաստ նշանակելու. «Մեկ տարի աշխատող մորը չի կարելի տրամադրել նույն չափի նպաստ, ես կարծում եմ դա արդարացի է, որքան 6-7 տարի աշխատող մորը։ Բյուջեում հատկացվող գումարների վերաբաշխում տեղի կունենա, ոչ թե աշխատող մայրերի գումարը կվերցնեն եւ կտան չաշխատող մայրերին»։ Նախագիծն առանց քննարկելու չի ընդունվելու, վստահեցնում է հանրապետական պատգամավորը, ինքը կանխատեսում է, որ սուր վերաբերմունք կլինի, բայց այս նախագիծը նաեւ հակակոռուպցիոն է. «Մեր մոտ տեղի չի ունեցել ոչ ծնելիության աճ, բում տեղի չի ունեցել, ոչ աշխատավարձերի մեծ աճ, ոչ հիվանդացության, համաճարակների մեծ աճ, բայց տարեցտարի այդ նպաստների չափը մեծանում է, էստեղ կա խնդիր»։