Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է պատգամավորի հարցերին

Քաղաքականություն
823eed46d39fc36b984130d88906b213

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում տրված հարցերին Թևան Պողոսյան - Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարարին: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան - ԵՄ, ինչպես նաև այլ եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոյեմբերի 1-ից հետո Եվրամիության նոր ղեկավարությունից, հանձին` Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ հարևանության ընդլայնման նոր հանձնակատարի` Յոհաննես Հանի` պաշտոնը ստանձնելուց հետո, և արդյո՞ք կարող եք ներկայացնել Հայաստանի կողմից կատարվելիք քայլերը 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո հետընթաց ապրած հարաբերությունների զարգացման համար:   Էդվարդ Նալբանդյան - Եվրամիությունը Հայաստանի համար մնում է, ինչպես որ կար, կարևոր գործընկեր: Մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ: Պարբերաբար անցկացվում են Հայաստանի և Եվրամիության միջև ստեղծված ինստիտուցիոնալ ձևաչափերով հանդիպումներ՝ Համագործակցության խորհուրդ, Համագործակցության կոմիտե, չորս ենթակոմիտեներ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է բազմակողմ պլատֆորմերի աշխատանքներին, նաև ընդգրկված է մեկ տասնյակից ավելի փորձագիտական խմբերում` այնպիսի հարցերով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարադատությունը, մշակույթը, կրթությունը, էներգետիկան և այլն: Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև շարժունակության ոլորտում: Դուք նշում էիք, որ իբրև թե 2013թ. սեպտեմբերից հետընթաց են ապրել հարաբերությունները Եվրամիության հետ: Ես Ձեզ հիշեցնեմ, որ այս տարվա` 2014թ. հունվարից, ուժի մեջ մտավ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: Այս տարի` մարտից, ուժի մեջ մտավ նաև հատուկ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին` մասնակցելու Եվրամիության տարբեր ծրագրերին, նաև Եվրամիության տարբեր գործակալությունների աշխատանքներում: Դուք գիտեք, որ 2013թ. սեպտեմբերից հետո` անցյալ տարվա նոյեմբերին, համատեղ հայտարարություն ընդունվեց Եվրամիության հետ Վիլնյուսի գագաթաժողովում, և նաև նամակների փոխանակում կատարվեց ԵՄ Բարձր ներկայացուցիչ Էշտոնի և Հայաստանի արտգործնախարարի միջև, որտեղ վերահաստատվեց մեր փոխադարձ հանձնառությունը` շարունակելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում: Մոտակա շրջանում մենք շարունակելու ենք մեր աշխատանքները Եվրամիության նոր ղեկավարության, մեր գործընկերների հետ` ձևավորելու համար Հայաստան - Եվրոմիություն հարաբերությունների իրավական նոր հիմքը: Առաջիկա երկու ամիսներին մի քանի փուլ է նախատեսված։ Նոյեմբերի սկզբին Բրյուսել կայցելի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը` քննարկելու համար առևտրական-տնտեսական բնագավառներում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ Նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված է առևտրի հարցերով կոմիտեի նիստը, նաև՝ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը, իսկ դեկտեմբերին՝ նախարարական մակարդակով Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի նիստը: Այս բոլոր ձևաչափերը հնարավորություն կտան շարունակելու մեր բնականոն երկխոսությունը Եվրամիության հետ: Թևան Պողոսյան - Շնորհակալություն պարոն նախարար՝ ներկայացնելու համար մանրամասնորեն այս ամբողջ ցանկը: Արդյո՞ք այսքանը բավարար կլինի՝ թույլ տալու, որ Հայաստանը և Եվրամիությունը կարողանան ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինը, որը թույլ կտա, իսկապես, մեր բարեփոխումների մասը՝ ազատությունների, անվտանգության, արդարադատության, մարդու իրավունքների բաժնում ապահովագրենք Հայաստանի ապագա զարգացումները, որ դրանք իսկապես կատարվեն և բարեփոխումները տեղի ունենան: Էդվարդ Նալբանդյան - Ես կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ձևաչափերով, բոլոր ոլորտներում և բոլոր հնարավոր ուղղություններով, որոնք չեն հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում: