Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան մասնավոր բուհ էլ բացեիք» (տեսանյութ)

Քաղաքականություն
f80fae90599dcd5823ca0321aa3de049

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր բուհական համակարգին: Նրա տվյալներով` բուհական 15 հազար տեղի համար դիմել է ընդամենը 13 հազար շրջանավարտ. «Առաջին տարին է մեր պատմության մեջ, որ դիմորդների թիվն ավելի քիչ է: Սա անմխիթար, ձախողված, խեղաթյուրված քաղաքականության մասին է վկայում: Ինչպե՞ս կբացատրեք մասնավոր եւ պետական բուհերում վարվող այս քաղաքականությունը»: Պատասխանելով` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ պարոն Մանուկյանի տվյալները սիրողական բնույթի, հեռախոսախույսով արված տեղեկություններ են, որոնք նա կարող էր ստանալ նաեւ նախարարությունից. «Գիտեմ, որ զանգահարել եք մարզեր, համայնքներ ու որոշ դեպքերում էլ կապը լավ չի եղել ու ամբողջական տեղեկատվություն չեք ստացել: Դրա համար կիսատ ու սիրողական բնույթի գնահատականներ եք տալիս»: Սա վրդովեցրեց Արամ Մանուկյանին. «Այո, ես զանգել եմ, քանի որ ձեզնից թիվ ստանալ հնարավոր չի: Դուք անգամ սեպտեմբերի կեսին չգիտեիք աշակերտների ընդհանուր թիվը: Ձեր գերատեսչություններից ստացած ոչ մի թիվ իրար չի բռնում: Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը: Այսօր էլ չեն գնում մասնավոր բուհ,իսկ անգամ պետական բուհերում հեռակայով բժիշկ կամ իրավաբան չեն դառնում: Դուք այսպիսով ուզում եք կլպել, բերել, բերել: Մասնավոր բուհի առկայությունը վկայում էր շուկայական հարաբերությունների մասին»: Արմեն Աշոտյանը նրան արձագանքեց` ասելով. «Ձեր բովանդակության բացակայությունը լրացնելու համար կարող եք լրացնել տառաճանաչությամբ ու այբբենարանի մյուս տառերով: Ինձ էլ մի ասեք, ես իմ գործը լավ գիտեմ»: Այնուհետեւ նախարարը խոսեց 1990-ական թթ. գործող մասնավոր բուհերի մասին, որոնք, ըստ նրա, աննպատակային են եղել. «Մարդիկ են զանգում ինձ արտերկրից ու ասում, որ, օրինակ, «Մըսրա Մելիք» համալսարանի դիպլոմ ունեն ու չգիտեն` ինչ անեն: Այդպես լավ չէր, Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան մասնավոր բուհ էլ բացեիք: Մի թղթի կտոր եք տվել ու մարդկանց գցել աշխարհով մեկ: Արդյունքում եղան այնքան խեղված ճակատագրեր, խաբված հազարավոր մարդիկ: Իսկ մասնավոր բուհի գոյությունն ինքնանպատակ չէ»: Արամ Մանուկյանն արձագանքում էր Արմեն Աշոտյանի վիրավորանքներին, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Երբ հարց եք տալիս, փորձեք նաեւ դիմանալ, լսել»: