Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծահամբավ երաժիշտները մի կերպ են գալիս Հայաստան (տեսանյութ)

Մշակույթ
screenshot00004

8-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի հատուկ ուղղվածություն չունի, և հայ կոմպոզիտորներից որևէ մեկին այս անգամ նվիրված չէ։ Իսկ էությունը նույնն է` լավ մենակատարներ, լավ դիրիժորներ, սիմֆոնիկ ու կամերային լավ համերգներ խոստացել էր փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը մեկնարկին: Եվ իրոք, մինչև հոկտեմբերի 24-ը նախատեսված այս փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան մեծահամբավ երաժիշտներ, դաշնակահարներ` Կիրիլ Գերշտեյնը, Էշլի Վոսն ու Ֆրեդերիկ Գին, ջութակահարներ Բորիս Բրովցինն ու Սերգեյ Կռիլովը: Էդվարդ Թոփչյանը հայտարարել էր նաև, որ այս փառատոնի ժամանակ նվագախումբն էլ ավելի լավ է նվագելու, քանի որ աշխատում են, պարապում են և անընդհատ զարգանում: Նրա խոսքերի ապացույցը շնորհակալ երաժշտասերների ծափահարություններն ու բռավոներն էին: «Ի՞նչ է իրական համերգը. հիանալի նվագախումբ, հիանալի դիրիժոր, հիանալի ունկնդիր: Այս ամենն այսօր առկա էր»,- իր հիացմունքն արտահայտեց ռուսական ազգանունով, իտալական անձնագրով ու իտալական խառնվածքով վիրտուոզ ջութակահար Սերգեյ Կռիլովը, որին, ի դեպ, լեգենդար Մստիսլավ Ռոստրոպովիչը դասում էր աշխարհի լավագույն ջութակահարների հնգյակի շարքում: Նրան հիացրել էր նաև նրբագեղ ու հմայիչ Անուշ Նիկողոսյանի նվագը, ով, ի դեպ, փրկեց համերգը, և Պավել Վերնիկովի փոխարեն նվագեց Սերգեյ Կռիլովի և Վահան Մարտիրոսյանի հետ: «Փառատոնը միջազգային համբավ ունի,- ասում է Թոփչյանը,- սակայն ավաղ մեծահամբավ երաժիշտներին մի կերպ ենք բերում, քանի-որ մեր հիմնական խնդիրը մնում են ֆինանսները, ֆինանսները, մեկ անգամ ևս՝ ֆինանսները»: