Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլիկլինիկան հոսանքազրկվել է, բժիշկները անգործ նստած են

Հասարակություն
poliklinika1

Երեւանի թիվ 1 պոլիկլինիկան արդեն մեկ օր է՝ աշխատում է առանց էլեկտրականության։ Բուժհաստատությունը հոսանքազրկվել է կուտակված պարտքերի պատճառով։ Պոլիկլինիկայի փոխտնօրեն Նունե Դավթյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ պարտքերը կուտակվել են դեռ անցած տարվա ձմեռվանից. «Բայց մենք այդ պարտքը փակել էինք ու հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչու է նման գումար կուտակվել»։ Իսկ թե ինչ գումարի մասին է խոսքը, տիկին Դավթյանը հրաժարվեց պատասխանել։ Կդիմե՞ն արդյոք որեւէ տեղ պարզելու համար իրողությունը, տիկին Դավթյանը պատասխանեց. «Դեռեւս մենք պատրաստվում ենք որոշակի գումար վճարել, որպեսզի էլեկտրականությունը վերականգնվի։ Իսկ մնացած հարցերը կլուծի տնօրենը, ով այս պահին քաղաքում չէ եւ կվերադառնա միայն երկուշաբթի»։ «Ա1+»-ի հարցին, թե ինչպես է բուժհաստատությունը աշխատում առանց հոսանքի, տիկին Դավթյանը պատասխանեց. «Դե էն դիագնոստիկայի կաբինետները, որտեղ սարքավորումները աշխատում են հոսանքով, բնականաբար չեն գործում, բժիշկները անգործ նստած են, իսկ այն կաբինետները, որոնք հոսանքի հետ կապ չունեն, աշխատում են»։ «Որոշակի գումար վճարելով, իսկապես, Հայաստանի էլեկտրացանցերը միացնում են բաժանորդների հոսանքը, բայց ոչ բոլորինը»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Հայաստանի էլեկտրացանցերի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջենյանը ու հավելեց, որ այս պրակտիկան կիրառվում է միայն բարեխիղճ բաժանորդների համար։ Իսկ պոլիկլինիկան հոսանքազրկվել է ոչ թե մեծ պարտքի պատճառով, այլ անբարեխղճության. «Մենք արդեն 10-ն անգամից ավելի զիջել ենք նրանց։ Չեն վճարել նախատեսված ժամկետում, բայց մենք չենք հոսանքազրկել»։ Հայաստանի էլեկտրական ցանցերում նույնպես չասացին, թե պոլիկլինիկայի կուտակած պարտքը ինչքան է կազմում՝ պատճառաբանելով, որ դա առեւտրային գաղտնիք է, բայց վստահեցրեցին, որ խոսքը ոչ այդքան մեծ գումարի մասին է։